Home / Հայաստան / «Աստծու տված ջուրն էլ են ուզում կտրեն». Վարդենիսում բողոքում են ջրաչափերի դեմ

«Աստծու տված ջուրն էլ են ուզում կտրեն». Վարդենիսում բողոքում են ջրաչափերի դեմ

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի մոտ 200 բնակիչներ այսօր բողոքի ակցիա են անցկացրել քաղաքի Մշակույթի պալատի մոտ՝ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ –ից պահանջելով կասեցնել Վարդենիսում ջրաչափեր տեղադրելու գործընթացը: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում պատմել է Վարդենիսի բնակիչ Միտիկ Զիրոյանը:

Նրա խոսքով՝ բնակիչներին զայրացրել է այն հանգամանքը, որ «Հայջրմուղկոյուղին»  իրենց քաղաքում առանց որևէ ներդրում կատարելու որոշել է ժողովրդից գումար գանձել:

«Մայիսի 15-ին ջրմուղը նախնական նամակ է ուղարկում, որ մինչև հունիսի 15-ը պարտադիր կերպով բոլորը պետք է ջրաչափ տեղադրեն, հակառակ դեպքում գանձումը կկատարվի դրվածքային կարողությամբ՝ խողովակի չափով: Ամբողջ  համակարգը խորհրդային տարիներից է մնացել, տրուբաներից սկսած ամեն ինչ սովետն է արել, սրանք ելել են ու թալան են կազմակերպում: Վարդենիսը ջրի երկիր է, Աստծու տված ջուրն էլ են ուզում կտրեն: Բանդեր թաղամասը տարիներով ջրի մեջ է, մարդկանց տները քանդվում են ջրի պատճառով, եկեք, տեսեք՝ ինչ է կատարվում,  փոխանակ էդ մասին մտածեն, եկել մեր սարերի ջուրն են մեր վրա ծախում», -պատմել է Զիրոյանը:

Նա նշել է, թե բնակչությունը վերջին 4 տարիներին «Հայջրմուղկոյուղու» հետ պայմանավորվածություն ուներ, համաձայն որի յուրաքանչյուր ընտանիք պարտավորված է եղել ամսական 1200 դրամ վճարել ջրի դիմաց, սակայն ժողովրդի կեսը հրաժարվել է կատարել պայմանը:

«Հիմա էլ եկել են, ջրաչափերը տեղադրել են, ով էլ որ չի թողել տեղադրեն, հունիսից մինչև հիմա տուգանքներ են եկել: Մենք էլ առաջարկել ենք, որ նախկին 1200-ի փոխարեն ամսական յուրաքանչյուր ընտանիք կվճարի 1500 դրամ, իսկ ով կհրաժարվի մուծումը կատարել՝ տուգանեն ու գանձեն օրենքով: Իսկ եթե կա մի ընտանիք, որը կուզենա ջրաչափ տեղադրել, թող տեղադրի ու վճարի հաշվիչի թվով», – Epress.am-ին պատմել է բնակիչներից մեկը՝ Ֆրունզե Հովհաննիսյանը:

Վերջինս շեշտել է, թե ակցիայի մասնակիցների հետ հանդիպել և զրուցել է քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը և խոստացել, որ նրանց առաջարկը կքննարկի «Հայջրմուղկոյուղու» տեղի գրասենյակի ղեկավարության հետ ու բանակցությունների մասին կտեղեկացնի բնակչությանը:

Tekali Taxi