Hello, my Sօviet friend. Ռուսաստանյան դասագիրքը հայաստանյան դպրոցում
Երևանյան տարբեր դպրոցներում անգլերենի ուսուցումը տարբեր դասագրքերով է անցկացվում: Կան դպրոցներ, որոնք կրթության նախարարության կողմից հաստատված, Հայաստանում գրված անգլերենի դասագիրքն են օգտագործում:
Սակայն կան դպրոցներ, որտեղ անգլերենի ուսուցումը խորացված է, դրանք, այսպես կոչված, թեքումով են, ու այդ դպրոցներում ծնողներին նախապես զգուշացնում են, որ անգլերենի ուսուցումն ավելի ինտենսիվ է լինելու և այլ դասագրքերով: Ծնողները հիմնականում չեն դժգոհում, պատրաստակամ են նաև «այլ դասագիրքը» գնել, որպեսզի իրենց երեխաներն ավելի արագ ու լավ սովորեն:
2-րդ դասարանցի աղջիկս մի այդպիսի դպրոցում է սովորում, և մեծ էր իմ ու կնոջս զարմանքը, երբ իմացանք, որ խնդրել են ՌԴ-ում լայն տարածում ունեցող և մշտապես վերահրատարակվող Ի.Վերեշչագինայի դասագիրքը գնել:
Ամենամեծ խնդիրը՝ դասագրքում առաջադրանքները գրված են ռուսերեն լեզվով: Աղջիկս ռուսերեն բավական լավ գիտի, ու խնդիր չի ունենում, սակայն նույն դասարանում, ինչպես նաև այլ դասարաններում սովորում են այլ երկրներից Հայաստան տեղափոխված հայերի երեխաներ, ովքեր անգլերենի հետ զուգահեռաբար նոր սկսել են ռուսերեն ուսումնասիրել ու պարզապես չեն կարող ընկալել ոչ իրենց մայրենիով գրված առաջադրանքները: Ծնողները հաճախ նույնպես չգիտեն ռուսերեն ու զրկված են երեխաներին օգնելու հնարավորությունից: Այսօրվա դրությամբ ռուսերենը խնդիր կարող է լինել ոչ միայն Հայաստան վերջերս տեղափոխված մարդկանց, այլ նաև բնիկների համար: Բացի դա, մշտապես կրկնվող, բայց հաճախ չկիրառվող արտահայտությունը՝ «պետական լեզուն հայերենն է», այս դեպքում ավելի քան արդիական է: Ծայրահեղ դեպքում կարելի էր անգլիական կամ ամերիկյան դասագիրք վերցնել. վստահեցնում եմ՝ հնարավոր էր ընտրել նույն բարդության, բայց ավելի հետաքրքիր դասագիրք:
Բացի դա, Ի.Վերեշչագինայի դասագիրքն ունի աուդիոդասընթաց, առանց որի այդ դասագիրքը թերի է: Ավելորդ է նշել, որ աուդիոդասընթացը երեխաները չեն անցնում:
Եվ վերջին նկատառումը: Մի քանի դաս անցնելուց հետո երեխաները հասան այն բաղձալի պահին, երբ սկսեցին սովորել՝ ինչպես է արտասանվում «օ» տառը:
Կինս խնդրեց երեխային կարդալ դասը, և մեր տանը հնչեց. «Mike is my Soviet friend. Hello, my Soviet friend» (Մայքը իմ սովետական ընկերն է: Բարև, իմ սովետական ընկեր):
Ես և կինս կարկամեցինք, արագ վերցրեցի դասագիրքը՝ նայելու համար, գուցե, մենք սխալվել ու խորհրդային տարբերակն ենք գնել, թեև տեսքից գիրքը շատ թարմ էր: Հրատարակչությունը 2001 թվականի էր:
7 տարեկան աղջկաս հարցին՝ ինչ է նշանակում Soviet, ստիպված էի կարճ դասախոսությամբ պատասխանել՝ պատմելով, թե որտեղ ենք մենք ապրում և ինչ է պուտինյան Ռուսաստանը: Քարտեզի վրա Սովետը ցույց տալու նրա խնդրանքը միայն անպատասխան մնաց: Վախեցա՝ սխալվեմ:
Արմեն Մ.
Epress.am-ի համախմբագիր