Գրողների տունը տուն չէ, «Կոշկին դոմ է»՝ պետք է մեռնի, և ընտրությունները ոչինչ չեն փոխելու: Հիմա ընդամենը մահը չկա, խռխռոցն է գալիս՝ «թե մեռնում ես, մեռի, էլ խռխռոցը ինչի՞ համար ա»: Խոսելով գրողների միության նախագահի՝ երեկ կայացած ընտրության մասին, լրագրողների հետ հանդիպմանը նման գնահատական է տվել գրող Լևոն Ջավախյանը: Հիշեցնենք, որ երեկ Գրողների միության նոր նախագահ է ընտրվել Էդվարդ Միլիտոնյանը:
«Գրողների միությունը դարձել է իրական դժոխք, թեև այրվող ձյութեր չկան, սակայն բոլորը սպասում են, որ մեկը հեռանա կամ մեռնի, որ հետո այդ աթոռի վրա գնան-պարպեն իրենց կրքերը: Ասեմ, որ գրողների միության նախագահի աթոռը բեխեր, գլխակեր աթոռ ա, որովհետև անկախությունից հետո մեծ գրողը էդ աթոռին չդիմացավ, չդիմացավ նաև պուճուր գրողը, հիմա ի՞նչ են ուզում մնացածները՝ Աստված գիտի», – ասել է Ջավախյանը:
Նրա ընդգծել է, թե Միությունում ոչ ստեղծագործական կյանք կա, ոչ կազմակերպչական բաներ կան՝ «էղած-չեղած մի հաշիվ է, մի կտոր ոսկոր կա, ու հենց դրա վրա էլ գնում ա կռիվը»:
«Առաջարկում եմ լուծարել գրողների միությունը, էղած-չեղածը վաճառեին, ախպերափայ, քրերին էլ հետը բաժանեին, պրծնեին համ ոսկորից, համ էլ էդ ցավից, ու ամեն մեկը գնար իր տուն: Հիմա միության նախագահը՝ Միլիտոնյանը, կա, մնում է գրողը լինի», – ասել է Ջավախյանը:
Վերջինիս խոսքով՝ գրողները բողոքում են, թե գիրք կարդացող չկա, բայց չեն ասում՝ «ի՞նչ ենք գրում, որ ինչ էլ կարդան»:
«Գրողների միությունում գրողները գրում են իրենց պապերի, հայրերի գրածների նման՝ առանց ժամանակի շունչը հաշվի առնելու: Գրողների միություն մտնում ես, ոնց որ եգիպտական դամբարան մտնես, մեռելներ են ու մումիաներ, է՝ կյանք մտեք, տեսեք ժողովուրդն ինչով է ապրում, կյանքը ուր է գնում, ոչ թե մի-մի Անդրանիկ ու Դրո եք դարձել, ընկել ժողովրդի ջանին», – ասել է բանախոսը:
Ջավախյանը շեշտել է, որ Գրողների միությունը ավելի շատ նախագահների համար է, այլ ոչ գրողների կամ ժողովրդի: