Home / Տեսանյութեր / Հայաստանում ԶԼՄ-ների սեփականատերերը պետք է հայտնի լինեն. ԵԱՀԿ ներկայացուցիչ

Հայաստանում ԶԼՄ-ների սեփականատերերը պետք է հայտնի լինեն. ԵԱՀԿ ներկայացուցիչ

Հայաստանը մամուլի ազատությունն ապահովելու համար կարևոր քայլ է արել՝ ապաքրեականացնելով զրպարտության և վիրավորանքի հոդվածները, սակայն  ԶԼՄ-ների սեփականատերի մասին տեղեկությունները թափանցիկ չեն, ինչը թույլ է տալիս խոսել ԶԼՄ-ները մանիպուլիացիայի ենթարկելու մասին: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցով հատուկ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը:

«Ապաքրեականացումը շատ կարևոր էր, թեև դրա արդյունքները այսքան կարճ ժամանակահատվածում տեսանելի չեն կարող լինել: Սակայն վատ է, որ օրենքի ընդունումից հետո քաղաքական գործիչներն ու գործարարները ամեն քննադատողական հրապարակումից հետո դատարան են դիմում: Քաղաքականությունն ընտրած մարդը պետք է գիտակցի, որ շատ ավելի բարձր հանդուրժողականություն պետք է ունենա, քան սովորական քաղաքացին: Դատարան դիմելը վերջին քայլը պետք է լինի: Երկրորդ կարևոր առաջընթացն այն է, որ լրագրողների  համար աշխատելը Հայաստանում ավելի անվտանգ է դարձել, և նրանց նկատմամբ բռնություններ չեն կիրառվում»,- ասել է ԵԱՀԿ-ի ներկայացուցիչը:

Նա հավելել է, սակայն, որ բազում անկախ ՀԿ-ների գնահատմամբ՝ Հայաստանում ԶԼՄ-ները ոչ թե անկախ են, այլ մանիպուլացվում են: «Ես հստակ ինֆորմացիա, փաստեր չունեմ, բայց առանց կրակի ծուխ չի լինում: Ամեն երկրում էլ, օրինակ, իմ հայրենի Բոսնիա և Հերցեգովինայում, որը ևս ժողովրդավարացման ճանապարհին գտնվող երկիր է, անցումը ազատ խոսքի հեշտ չէ, և այդ ճանապարհին մանիպուլիացիաները, անթույլատրելի քայլեր շատ են լինում: Բայց դրա դեմ կարող է պայքարել միայն քաղաքացիական հասարակությունը: Պետք է քաղաքական գործիչները տեսնեն, որ քաղաքացիական ակտիվիստները հետևում են իրենց ամեն մի քայլին: Առաջին քայլը, որ պետք է արվի ԶԼՄ-ի, սեփականատերի հայտնի լինելը ապահովելն է, այդ ինֆորմացիայի թափանցիկ լինելը (transparency of ownership), ինչը հեշտ չէ»,- ասել է նա:

Այժմ Միյատովիչը ուշադրությամբ հետևելու է Հայաստանում հեռուստատեսության թվայնացման գործընթացին, ինչը կարևոր է, սակայն դա անելու միջոցներից շատ բան է կախված: Ըստ Միյատովիչի՝ թվայնացված հեռուստատեսության դիմելու գործընթացը պետք է լինի թափանցիկ, բոլոր ցանկացողներին հնարավորություն տրվի դիմում ներկայացնել և այլն:

Tekali Taxi