հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Սաակաշվիլին՝ Չախալյանին. «Դու, կրիմինալ». վիճաբանություն Ախալքալաքում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սաակաշվիլին՝ Չախալյանին. «Դու, կրիմինալ». վիճաբանություն Ախալքալաքում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հոկտեմբերի 25-ին Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այցելել է Ախալքալաք, որտեղ Սուրբ Խաչ եկեղեցու մոտ հանդիպել է վրացահայ ակտիվիստ Վահագն Չախալյանին: Վրաստանի նախագահի YouTube-ի պաշտոնական ալիքում տեղադրված տեսանյութից երևում է, որ Սահակաշվիլին և Չախալյանը ջերմ ողջունում են միմյանց, սակայն հետզետե զրույցը թեժանում է:

Զրույցի ընթացքում երկուսն էլ վրացերենից անցնում են ռուսերենի և հակառակը: Չախալյանը Վրաստանի նախագահին հարցեր է ուղղում հայկական գերեզմանի, հայկական եկեղեցիների վիճակի մասին: Սաակաշվիլին ռուսերեն հարցնում է՝ «էլ ի՞նչ դժգոհություններ կան», որից հետո Չախալյանը նույնպես ռուսերեն ասում է, որ հայ աշակերտները հնարավարություն չունեն դպրոցում Հայաստանի պատմություն առարկան ուսումնասիրել, ինչպես նաև հայ գրականություն չեն անցնում:

«Ո՞ւմ կխանգարեր, եթե մեր երեխաներն ուսումնասիրեին Հովհաննես Թումանյան, Վահան Տերյան, Դերենիկ Դեմիրճյան: Նրանք ոչ միայն հայ, նաև վրացի գրողներ են, նրանք այստեղից են (Հովհաննես Թումանյանը ծնվել է Լոռու մարզի Դսեղ գյուղում-խմբ.): Դուք պետք է օրենքով պատասխան տաք այն ամենի համար, ինչ ձեր անունից արվել է այս տարածաշրջանում»:

«Դո՞ւ պիտի ինձ դատես: Չախալյա՞նը Սաակաշվիլիին պիտի դատի», – ռուսերեն պատասխանում է Սաակաշվիլին: Երբ Չախալյանը ցանկանում է, իր հերթին, պատասխանել, Վրաստանի նախագահն ասում է. «Դու պիտի ինձ լսես, դու, կրիմինալ»:

Նա նաև Չախալյանին «սեպարատիստ» է անվանում, որից հետո վրացահայ ակտիվիստը նշում է, որ իր գործով դատավարությունը խախտումներով է անցել, իսկ Սաակաշվիլիին իրեն որպես սեպարատիստ են ներկայացրել:  

Սաակաշվիլին նշել է, որ ինքը բարեփոխումներ է իրականացրել, ինչը Չախալյանը չի գնահատում: Վերջինս շրջվել է և սկսել է իր համախոսների հետ հեռանալ: Չախալյանը նաև հայհոյել է՝ ասելով «Միշա, սիկտիր»: Սաակաշվիլին շարունակել է քայլել Չախալյանի հետևից և նրան «սեպարատիստ» անվանել:

«Հարավային դարպաս» կայքի փոխանցմամբ՝ Վահագն Չախալյանը, պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք այդ ամենը ծրագրված չէր, պատասխանել է. «Մենք հանգիստ կանգնած էինք, նախագահը մեզ մոտեցավ: Ընդհանրապես մեր կողմնակիցների մի տոկոսն էլ չկար հավաքված, եթե մենք պատրաստված լինեինք, հակառակը կլիներ: Ես ևս մեկ անգամ ամաչեցի: Վերջում ասաց՝ արի ադին նա ադին ելնենք: Երկրի նախագահը իրավունք ունի՞ իր քաղաքացուն հաշիվ պարզելու հրավիրելու: Ես ասացի, որ 5 օրից: Պետք չէր դա ասել: Մի բան հասկացա, որ կոնֆլիկտ կուզեն»:

Միջադեպից հետո Վրաստանի նախագահը նաև կանանց վարսավիրանոց է մտել, ռոսերենով զրուցել աշխատողների հետ, ապա հայկական եկեղեցում մոմ է վառել: