Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տանը կատարված դեպքերի չմոնտաժված տեսանյութը դիտելիս ամրապնդվում է վարկածը, որ Ավետիք Բուդաղյանի վրա կատարված վերջին կրակոցը, որը մահվան առիթ է դարձել, արձակվել է Խաչատրյանի տան ներսից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Բուդաղյանների ընտանիքի ներկայացուցիչ փաստաբան Հայկ Ալումյանը:
Հիշեցնենք, որ հունիսի 1-ին Սյունիքի այն ժամանակվա մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ սպանվել է Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը, նրա եղբայրը՝ գնդապետ Արտակ Բուդաղյանը վիրավորվել է: Փաստի առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել էր Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրանը և թիկնապահը՝ Զարզանդ Նիկողոսյանը: Հետագայում երկուսն էլ ազատ են արձակվել, քանի որ քննչական մարմինը գտել է, որ նրանք ինքնապաշտպանվել են:
Ըստ Ալումյանի՝ այն, որ կրակոցը եղել է վերևից, ապացուցվում է ոչ միայն դատաբժշկական փորձաքննությամբ, որի համաձայն Բուդաղյանի ստացած վերքը շեղ էր՝ վերևից ներքև, այլ այն, որ վերջին կրակոցներից մեկից հետո գնդակը դիպչում է ասֆալտին և կայծ է տալիս, ինչը երևում է տեսանյութում:
Ալումյանի խոսքով՝ իր պաշտպանյալ Արտակ Բուդաղյանը ևս, երբ վիրավորված ընկած էր, տեսել է կայծ տան պատուհանից, և ձայն է լսել:
Փաստաբանը նշել է, որ Սուրիկ Խաչատրյանի կողմը հերքել է Բուդաղյանի այդ ցումցունքը: Այն հարցին, թե որքան է հավանականությունը, որ տնից կրակողը եղել է Սուրիկ Խաչատրյանը՝ Ալումյանը պատասխանել է, որ, համենայնդեպս, ըստ Խաչատրյանի կողմի ցուցմունքների, բացի Սյունիքի մարզպետից տանը այլ մարդ չի եղել:
Ալումյանը ցույց է տվել տեսանյութը նաև ապացուցելու համար, որ Ավետիք Բուդաղյանը որևէ ագրեսիա չի դրսևորել, այլ հակառակը՝ փորձել է հարթել կոնֆլիկտը, ուստի «աբսուրդ է ազատել կալանավորվածներին այն հիմքով, թե վերջիներս ինքնապաշտպանվել են»:
«Ավետիք Բուդաղյանը չի իջնում մեքենայից երկար ժամանակ, հետո միայն տեսնելով, որ եղբայրը կոնֆլիտի մեջ է մտել, դուրս է գալիս և հրում է նրան և փորձում հեռացնել: Նրա գործողությունների մեջ ագրեսիա չկա, ավելին նա հաշտարարի դերում է եղել», – ասել է Ալումյանը:
Հիշեցնենք, որ Ավետիք Բուդաղյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու մեղադրանքով, սակայն հետապնդում չի սկսվել, քանի որ նա մահացել է: Բուդաղյանին մեղավոր ճանաչելու քննիչի որոշումը Հայկ Ալումյանը բողոքարկում է: