Home / Տեսանյութեր / Ի՞նչ է եղել զինվորական հոսպիտալում. պաշտոնական բացատրություն և կարծիքներ

Ի՞նչ է եղել զինվորական հոսպիտալում. պաշտոնական բացատրություն և կարծիքներ

Այսօր ողջ օրվա ընթացքում հայաստանյան էլեկտրոնային ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում է եղել «Կանազ» զինվորական հոսպիտալում գրանցված միջադեպը, որի մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում բարձրաձայնել է «Չորրորդ իշխանություն» օրաթերթի տնօրեն Մհեր Ղալեչյանը, ապա պաշտոնական բացատրություններ են հետևել:  Միջադեպին արձագանքել են նաև իրավապաշտպանները:

Ղալեղչյանը նոյմեբերի 3-ին 00:32-ին գրել է, որ ««Կանազի» զինվորական հոսպիտալի մոտ ինչ-որ աննորմալ դեպքեր են կատարվում»:

«Տեղի բնակիչները պատմեցին իրենց աչքի տեսածը: Ասում են, որ հոսպիտալից հինգ զինվոր են դուրս եկել, ծեծված, ջարդված, սկսել են օգնություն կանչել, պատահական մեքենաներ են կանգնեցրել, թե «մեզ այստեղից փախցրեք, մեզ սպանում են»:

Պատմում են, որ այդ զինվորներից երկուսը 41 համարի երթուղային են նստել, թե կտրաքացնենք, հենց հիմա տարեք մեզ: Մի պատահական անցորդ տաքսի է կանգնեցրել, զինվորներից մեկին նստեցրել է տաքսի, փողը տվել վարորդին ու ասել, որ զինվորին տանի այնտեղ, որտեղ կասի:

ՊՊԾ ու Արաբկիրի բազմաթիվ աշխատակիցներ են դեպքի վայր եկել, զինվորներից երկուսին տարել են քաղմաս: Ես ուղղակի չգիտեմ, ինչ է եղել, բայց գոնե այս եղանակով լուրը տարածվի, միգուցե ՊՆ-ն ինչ որ բացատրություն տա, պարզաբանի: Բոլոր ականատեսներին մտահոգում է, թե ինչ եղավ այդ զինվորների հետ», – նշել է Ղալեչյանը:

Գրառումից մոտ 2 ժամ անց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում գրել է, թե նոյեմբերի 2-ի երեկոյան երեկոյան կայազորային կլինիկական հոսպիտալում երկու զինվորներ, որոնք գտնվել են ստացիոնար բուժման մեջ, վիճաբանություն են սկսել նույն բաժանմունքի զինվորների հետ, որը վերաճել է ծեծկռտուքի:

«Նրանք հարձակվել են նաև հերթապահ բժշկի վրա, այնուհետև դիմել փախուստի: ՀՀ ՊՆ ՌՈ աշխատակիցները և ՊՆ համապատասխան պաշտոնյաները տեղում են, իրականացնում են համապատասխան աշխատանքներ: Այս պահին ամեն ինչ վերահսկողության տակ է, խնդրում ենք չճշտված տեղեկություններ չտարածել», – իր գրառման մեջ ընդգծել է Հովհաննիսյանը:

Նոյեմբերի 3-ին, ժամը 14:00-ի սահմաններում Հովհաննիսյանը ևս մեկ հաղորդագրություն է տեղադրել սոցիալական ցանցում, որի համաձայն «փախուստի դիմած 4 զինծառայողներից 3 -ը վերադարձվել են և այժմ գտնվում են հոսպիտալում»:

«Զինծառայողներին վերադարձնել հաջողվել է նաև նրանց ծնողների աջակցության շնրոհիվ, ինչի համար ՊՆ-ը շնորհակալություն է հայտնում: Իրավիճակն այժմ լիարժեք վերահսկողության տակ է: Դեպքի առնչությամբ քննությունը շարունակվում է», – մասնավորապես, գրել է ՊՆ մամուլի խոսնակը:

Հետագայում «Փաստիֆո» գործակալության հետ զրույցում Հովհաննիսյանն ասել է, որ գտել են նաև 4-րդ զինծառայողին: Խոսնակի պնդմամբ՝ զինծառայողին հայտնաբերելու գործընթացքում իրենց աջակցել են հասարակական կազմակերպություններ, մասնավորապես, «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը: 

Զինծառայողները ներկայումս առանձնացված են պահվում, նշել է Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ չի կարծում թե փախուստի դիմած զինծառայողները քրեական պատասխանատվության կենթարկվեն. նրանք հոգեբուժական բաժանմունքից են եղել և նրանց հոգեկան վիճակն է պատճառ հանդիսացել վիճաբանության, այնուհետև՝ փախուստի համար: 

Զինվորական փորձագետ, Հելսինկյան ասոցիացիայի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում, անդրադառնալով միջադեպին, ասել է. «Առաջինը, բնական է, վերահսկողության պակասն է, և երկրորդը՝ փաստորեն մեր բանակում, ես բազմիցս ասել եմ, կանոնադրական փոխհարաբերությունները վերածվել են, այսպես ասած, գողական փոխհարաբերությունների: Զինվորները գնում են զինվորական զգեստներ են հագնում, սակայն իրենց պահում են փողոցայինի նման, չեն հարգում մեր «ուստավը», չեն հարգում զինվորական կանոնագիրքը, կանոնադրությունը, և դա գալիս է սպաներից»:

Ըստ իրավապաշտպանի՝ սպաներն են զինվորներին նման հոգեբանությամբ դաստիարակում: «Որ մատնել չի կարելի, հարգված տղեն պիտի մաքրություն չանի, հարգված տղեն պիտի «չկոտրվի»… և նույնը կենցաղային հողի վրա պետք է տեղի ունեցած լիներ հոսպիտալում»,- ասել է Մարտիրոսյանը:

Իրավապաշտպան, Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նշել է, որ, հետևելով դեպքերի զարգացմանը, ինչպես նաև ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հայտարարություններին, նրա մոտ հետևյալ կարծիքն է ձևավորվել.

«Բոլոր դեպքերում եղել է միջադեպ, որի արդյունքում հինգ զինվորներ ստիպված են եղել դուրս փախչել հոսպիտալից և ոչ միայն դուրս փախչել հոսպիտալից, այլ նաև տարբեր միջոցներով հեռանալ տարածքից, իսկ սա այն դեպքից հետո, երբ ռազմական ոստիկանության հատուկ ստորաբաժանման աշխատակիցները ժամանել են հոսպիտալ: Այսինքն, այդ ժամանման հետ կապված զինվորները ստիպված են փախչել, դա արդեն լավ բան չի նշանակում»:

Ըստ Սաքունցի՝ հարց է առաջանում. ինչպիսի՞ն է եղել ՌՈ աշխատակիցների պահվածքը կամ մոտեցումը, երբ զինվորները շատ լավ գիտակցելով, որ զորամասից (հոսպիտալից) փախչելը կունենա հետեւանքներ, այնուամենայնիվ, գնում են այդ քայլին:

«Բոլոր վարկածներով հանդերձ եղել է խնդիր, որը հանգեցրել է այնպիսի մի կոնֆլիկտի, որը վերաճել է: Այստեղ ուրիշ հարց կա.  եթե հոսպիտալում զինվորները առողջական խնդիրների համար են գտնվել, իսկ եթե առնվազն հինգ զինվոր են դուրս գալիս ու եթե եղել են այդ հոսպիտալի զինվորները, ապա ոնց կարող է հիվանդ զինվորը թողնի հիվանդասենյակը, գիշերը այդ հագուստները հագներին դուրս են գալիս, այսինքն ոչ թե գիշերային, այլ իրենց զինվորական համազգեստով, իսկ դեպքը քնի ժամանակ է եղել, այսինքն այդ ի՞նչ հիվանդներ են եղել»,- շարունակել է իրավապաշտպանը:

Նրա գնահատմամբ` պետք է ուսումնասիրություն իրականացվի և պարզվի, թե արդյո՞ք նրանք իսկապես ունեցել են առողջական խնդիրներ, քանի որ, Սաքունցի խոսքերով, ինքը ունի լրջագույն կասկածներ, որ այնտեղ գտնվող զինվորներից շատերը չունեն առողջական խնդիրներ, բայց ինչ-ինչ նպատակներով գտնվել են այնտեղ: 

Tekali Taxi