հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Նորակառույցում բնակարաններ են վերավաճառել. վաշխառուների թվում է ԱԺ փոխխոսնակը. ակցիա

Նորակառույցում բնակարաններ են վերավաճառել. վաշխառուների թվում է ԱԺ փոխխոսնակը. ակցիա

Գևորգ Չաուշի 14/3 շենքի խաբված բնակարանատերերի գործը, որը գտնվում է ՀՀ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վազգեն Ռշտունու վարույթում, մոտենում է հանգուցալուծման՝ դատական վճռի կայացման, սակայն այն կարող է հետաձգվել, քանի որ որոշում կա դատավոր Ռշտունուն տեղափոխել այլ դատարան, իսկ բնակարանատերերի գործը հանձնել մեկ այլ դատավորի: Այսօր բնակարանատերերը նախագահական նստավայրի մոտ բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով, որպեսզի դատավորին տեղափոխեն իրենց գործով վճռից հետո: 

Նշենք, որ դատական գործը վերաբերում է բնակարանատերերի սեփականության իրավունքի խախտմանը: 120 քաղաքացի դեռ 2007 թվականին գործարք են կնքել Արմեն Թադևոսյանին պատկանող «Նորաշեն 2007» ՍՊԸ-ի հետ, սակայն հետագայում պարզել են, որ իրենց բնակարանները վերավաճառվել են: Բացի այդ, շենքը պետք է պատրաստ լիներ 2008 թվականին, սակայն այն մինչև հիմա կիսակառույց է:

Բնակարանատերերի 70%-ի վեճը  դատարանում լուծվել է, մնացածը շարունակում են պայքարը, քանի որ տները վաշխառուների ձեռքին են: Ընդ որում՝ բողոքող բնակարանատերերի խոսքով՝ շենքում 14 բնակարանի վաշխառու էր ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ով վեց բնակարան վերադարձրել է, այլժմ ունի 8-ը:  Բնակիչների խոսքով՝ Հերմինե Նաղդալյանը բնակարանները հրաժարվում է տալ՝ պատճառաբանելով, որ ինքը դրանք գնել է:

«Պետությունն էր չէ՞ տվել Արմեն Թադևոսյանին գրիչ ու կնիք: Մենք հենց էնպես չենք  վստահել ու կապել պայմանագրեր: 21 միլիոն եմ վճարել 104 քառակուսի մետրի համար: Հիմա իմ բնակարանը կիսել են, երկու փայատիրոջ են տվել: Մենք փաստորեն երկու հոգու հետ ունենք վեճ: 2007 թվին ենք փողերը մուծել, մի տարվա մեջ պետք է պատրաստ լիներ: Մի փոքր բնակարանում ենք ապրում, 3-3 ենք մահճակալի վրա քնում»,- Epress.am-ին պատմել է բնակիչ Հասմիկ Մարգարյանը:

Նախագահականում բողոքողներին ասել են, որ դատավորի տեղափոխության հարցը իրենց վերահսկողության տակ չէ, և խորհուրդ են տվել դիմել Արդարադատության խորհդրին: Բնակիչները գնացել են խորհուրդ, որտեղ նրանցից պահանջել են գրավոր ձևակերպել պահանջը, որին կպատասխանեն մեկ շաբաթվա ընթացքում: