Home / Հայաստան / Հայաստանին և Թուրքիային խորհուրդ են տալիս հաշտվել Գերմանիայի և Ֆրանսիայի օրինակով

Հայաստանին և Թուրքիային խորհուրդ են տալիս հաշտվել Գերմանիայի և Ֆրանսիայի օրինակով

Մի խումբ մտավորականներ պնդում են, որ ֆրանս-գերմանական հաշտեցման Ելիսեյան համաձայնագիրը կարող է օրինակ ծառայել հայ-թուրքական դիվանագիտական կապերը վերականգնելու համար, գրում է hurriyetdailynews.com-ը:

Ելիսեյան համաձայնագրի 50-ամյակին նվիրված՝ Ստամբուլի Շեհիր համալսարանում կազմակերպվել էր «Հայ-թուրքական հարաբերությունները ֆրանս-գերմանական փորձառության լույսի ներքո» խորագրով երկօրյա գիտաժողով:

«Գերմանացիներն ու ֆրանսիացիներն իրենց պատմությունը համատեղ են կերտել: Ինչո՞ւ չենք կարող մենք էլ նույնն անել: Մենք չպետք է մոռանանք, որ թուրքերն ու հայերը ընդհանուր տարածք են կիսել Անատոլիայում»,- հայտարարել է Շեհիր համալսարանի պրոֆեսոր Ֆերհաթ Քենթալը:

Պրոֆեսոր Մուզաֆֆեր Շենելը նշել է, որ ժողովուրդները պատրաստ են հաշտվել և կարող են իրենց պետություններին հաշտվելու կոչ անել:

Նրա խոսքով՝ Ֆրանսիայի ու Գերմանիայի միջև պատերազմները Եվրոպայում դարավոր պատերազմների ու ոչնչացումների հիմնական պատճառն էին, բայց 1963 թվականի Ելիսեյան համաձայնագիրը վերջ դրեց թշնամանքին:

«Մեր նպատակն է մարդկանց ստիպել հարցեր տալ՝ «ի՞նչ կարող ենք անել համատեղ գոյատևման ու հաշտեցման համար՝ Ելիսեյան համաձայնագիրը որպես օրինակ վերցնելով», «այո, կա դառը պատմություն, բայց ինչպե՞ս կարող ենք այս դառը պատմությունը վերածել միասին ապրելու մշակույթի մի մասի»»,- ասել է Շենելը:

Նա հավելել է, որ իրենք մտադիր են ծրագիրը բերել Հայաստան, եթե պահանջարկ լինի, ու նաև հույս է հայտնել, որ Շեհիր համալսարանը  փոխանակման ծրագրերի շրջանակներում կհյուրընկալի հայ ուսանողների: 

Tekali Taxi