Home / Տեսանյութեր / «Գենդեր» բառն ԱԺ-ում բուռն քննարկում հարուցեց. օրենքի նախագիծն օրակարգից հանվեց

«Գենդեր» բառն ԱԺ-ում բուռն քննարկում հարուցեց. օրենքի նախագիծն օրակարգից հանվեց

Այսօր ԱԺ-ում ներկայացվել է Կանանց և տղամարդկանց հավասարության մասին օրենքի նախագիծը, որը բուռն քննարկում է հարուցել: Խնդիրն այն է, որ օրինագծի հեղինակները պահանջում են, որ օրենքը քննարկման դրվի փոփոխությունների ենթարկվելուց հետո միայն:  Ինչպես քննարկմանն ասել է նախագծի համահեղինակ, ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը, իրենք ցանկանում են, որ «ինչ ուզում եք՝ գենդերի փոխարեն դրեք, ուղղակի բառ, որ հարիր լինի նամուսով, թասիբով հազարավոր մարդկանց»:

«Բոլորիդ է հայտնի, որ օրենքը թյուրըմբռնման տեղիք է տվել: Օրենքում տեղ գտած «գենդեր» արտահայտությունը թյուրըմբռնման տեղիք է տվել, մենք առաջարկել ենք հանել այդ բառը և փոխարինել սեռ կամ այլ հոմանիշով, կամ կարող են լինել այլ առաջարկներ: Հանձնաժողովը չի ընդունել մեր առաջարկը: Ես սա ասում եմ, քանի որ բոլորս ենք պատասխան տալու հազարավոր մարդկանց առաջ»,- ասել է ՕԵԿ-ական պատգամավոր Հեղինե Բիշարյանը:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը հակադարձել է` ասելով, որ Մարդու իրավունքների հանձնաժողովը քննարկել է հարցը,  կան առաջարկներ Ծնողական կոմիտեի կողմից և հանձնաժողովի կողմից, և կհասնեն մի տարբերակի, որը կբավարարի բոլորին:

ՀՅԴ-ական պատգամավոր Արմեն Ռուստամյանը կարծիք է հայտնել, որ ոչինչ չի խանգարում օրենքը մտցնել օրակարգ և դրանից հետո առաջարկները քննարկել:

Հեղինե Բիշարյանի հետ համակարծիք էր ԲՀԿ-ական պատգամավոր Էլինար Վարդանյանը, ով ևս համոզմունք է հայտնել, որ օրենքը պետք է մտնի ԱԺ միայն այն բանից հետո, երբ Կառավարությունը հանի «գենդեր» բառը:

ՀՀԿ-ական Համլետ Հարությունյանն էլ կարծիք է հայտնել, որ օրենքը առհասարակ պետք է հանվի ու այլևս չքննարկվի.

«Ոչ միայն եկեղեցին է ապահովել մեր զարգացումը, այլև հայկական ընտանեկան սովորությունները: Համաշխարհային ճանաչում ունեցող հայկական ընտանիքում կնոջ և տղամարդու հավասարությունը դարձրել են քննարկման առարկա»:

Բուռն քննարկումից հետո ԱԺ-ն քվեարկել է և որոշել օրենքի նախագիծը օրակարգում չընդգրկել: 

Tekali Taxi