Home / Հայաստան / Մոտ 4 ամիս գերության մեջ գտնվող զինվորի մայրը Սերժ Սարգսյանին խնդրում է օգնել

Մոտ 4 ամիս գերության մեջ գտնվող զինվորի մայրը Սերժ Սարգսյանին խնդրում է օգնել

Ոսկեվազ գյուղի բնակչուհի Գայանե Ինջիղուլյան բաց նամակ-խնդրանք է ուղղել Սերժ Սարգսյանին՝ խնդրելով նրան օգնել վերադարձնել գերության մեջ գտնվող իր որդուն՝ Հակոբ Ինջիղուլյանին (լուսանկարում): Նշենք, որ Ինջիղուլյանը գերության մեջ է գտնվում արդեն մոտ 4 ամիս:

Նամակում, մասնավորապես, ասված է.

«Հարգարժան պարոն նախագահ, Ձեզ դիմում է ձեր երկրի քաղաքացի, մի հայ մայր, հայ կին, ով ճակատագրի բերումով  հայտնվել է  անելանելի և սոսկալի  իրավիճակում:

Որդիս՝ Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը, ով ժամկետային զինծառայող է, գերեվարվել է  ադրբեջանցիների կողմից այս տարվա օգոստոսի 8-ին և մինչ օրս գտնվում է գերության մեջ:

Միայն որդիս չէ, որ գերի է, այլ՝ մեր ողջ ընտանիքը, մեր հոգու անդորրը, վաղվա օրվա նկատմամբ մեր հավատը: Թերևս կարիք չկա նկարագրելու բոլորիս, բայց հատկապես իմ՝ Հակոբի մոր, հոգի ծվատող ապրումների ողջ ահավորությունը:

Նշեմ, որ որդիս առողջական խնդիրներ ունի և նման պայմաններում այդ խնդիրներն ավելի կծանրանան: Դուք էլ եք ծնող և պատկերացնում եք՝ գերության մեջ գտնվող երեխայի համար ծնողի սիրտը ոնց կցավի: Գիտեմ, որ առանց այդ էլ և՛ Պաշտպանության նախարարությունը, և՛ ողջ պետությունը, ցանկություն ունեն անելու առավելագույնը:

Ես պատրաստ եմ սեփական կյանքով փրկագնել որդուս, ցավոք՝ անհնար է:

Հակոբի 80-ամյա տատիկի, մեր ընտանիքի բոլոր անդամների և անձամբ իմ անունից թախանձագին խնդրում եմ` Ձեր բարձր հովանու տակ վերցնել այս խնդրի լուծումը:

Հակոբը միայն իմ որդին չէ, այլ հոժար  կամքով  հայկական բանակը համալրած զինվոր, ով իր կյանքը վստահել է պետությանը: Վստահ գիտեմ, որ գերեվարված զինվորի մոր արյուն-արցունքը անտարբեր չի թողնի ձեզ:

Հնարավորության դեպքում՝ Ադրբեջանի նախագահի հետ ձեր առաջիկա հանդիպման ժամանակ  խնդրում ենք  արծարծել նաև այս հարցը:

Գերության մեջ է ձեր քաղաքացին, ձեր բանակի զինվորը, ձեր հայրենակիցը, ով կյանքի 22-րդ գարունը նոր է բոլորել, մի մատղաշ կյանք, որ այսօր ամենաշատը կարիք ունի օգնության:

Գրիչս մայրական վիրավոր սրտի արյուն-արցունքի մեջ եմ թաթախել, մեր վշտի մեջ մեզ միայնակ մի՛ թողեք: Ակնկալում ենք Ձեր օգնությունը»:

Tekali Taxi