Home / Հայաստան / «Ուզում ես ինադ ընկնեմ հետդ». Ոսկու շուկայի աշխատողները պնդում են՝ իրենց չեն թողնում աշխատել

«Ուզում ես ինադ ընկնեմ հետդ». Ոսկու շուկայի աշխատողները պնդում են՝ իրենց չեն թողնում աշխատել

Այսօր վաղ առավոտից Խորենացի փողոցի վրա գտնվող «Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնի հարյուրավոր աշխատակիցներ գործադուլ են հայտարարել:

Երթով Կառավարության շենք հասած աշխատակիցները վարչապետից և նախարարներից պահանջել են իջնել ներքև ու պատասխան տալ՝ ինչո՞վ է Էկոնոմիկայի նախարարության վերահսկողության տեսչությունը հիմնավորում վերջին ամիսներին շուկայում անցկացվող ստուգումները ու միլիոնների հասնող տուգանքները:

Թանկարժեք մետաղների և ոսկյա իրերի առևտրով զբաղվողներին զայրացրել է այն հանգամանքը, որ Էկոնոմիկայի նախարարության տեսուչները վաճառողին միլիոնների տուգանք են նշանակում այն բանի համար, որ ոսկյա զարդերի վրա դրված ոսկու հարգը պարզ չի երևում, կամ էլ «թեք է խփած»:

Epress.am-ի թղթակցի հետ զրույցում ակցիայի մասնակիցներից շատերը նշել են, թե իրենց ամենամեծ խնդիրը այն է, որ պետությունը թույլ չի տալիս մարդկանց ապրել և հնարավոր միջոցները կիրառում է՝ «աշխատող ժողովրդի վերջին կոպեկները ձեռքներից խլելու համար»:

«Նոր տարի ա, պետք ա բյուջեն լցնեն։ Գալիս են՝ տեղին-անտեղի տուգանում են, տուգանքները սկսվում են 2 միլիոնից, մարդ կա, որ 1 միլիոնի ապրանք չունի, բայց պիտի կրկնակի տուգանք մուծի: Մատանին արժե 20 հազար դրամ, տուգանում են 50 հազարով, որտե՞ղ ա լսված: Չկա մեկը, որ վարկ չունենա, պետությունը ինձ ինչո՞վ ա օգնում, որ Էկոնոմիկայի նախարարության աշխատողներին ուղարկում են մեզ ահաբեկելու ու վրաներս նալոգներ դնելու: Տեսուչը գալիս, սպառնում ա, մտնում եմ հարկայինի պետի մոտ՝ ջահել տղա ա, ասում ա՝ «ուզում ես ինադ ընկնեմ հետդ»», – բողոքել է շուկայի աշխատակից կանանցից մեկը, ով խնդրել է չհրապարակել իր անունը:

1gold

Ակցիայի մասնակիցների հետ հանդիպել է ՀՀ կառավարության քաղաքացիների ընդունելության ու դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը և հորդորել գնալ ու հանգիստ աշխատել:

«Եթե կամայականություն է եղել, ապա կկանխվի։ Տուգանքների հարցով ոչինչ չեմ կարող ասել»,-ասել է նա:

Գործադուլի մասնակիցներին ոչ միայն չի բավարարել Ղազարյանի պատախանը, այլ ավելի է բորբոքել հավաքվածների զայրույթը՝ «էս խաղալիքին ուղարկում են, որ ի՞նչ անի, ինչ հարցով եկանք՝ նույն երգը երգեց»:

Բողոքողներից շատերը անակնկալի էին եկել՝ տեսնելով կառավարության մուտքի մոտ պատ կազմած մեծաթիվ ոստիկաններին, որոնց թիվը գնալով ավելանում էր։

«Ինչ որ բա՞ն ա եղել, որ էսքան հավաքվել են», – հարցնում էին նրանք:

Կդադարեցնեն արդյոք «Ոսկու աշխարհի» աշխատակիցները գործադուլը, թե ոչ, պարզ կլինի կառավարությանն ուղղված դիմումի պատասխանից, որով աշխատողները պահանջում են իրենց անհարկի չտուգանել և թույլ տալ հանգիստ աշխատել։

Tekali Taxi