Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը շնորհավորել է Վրաստանին ու Մոլդովային ու իր հիասթափությունն արտահայտել Հայաստանի և Ուկրաինայի՝ ասոցացումից հրաժարվելու որոշման վերաբերյալ: Այս մասին հաղորդում է Եվրախորհրդարանի մամուլի ծառայությունը:
«Արևելյան գործընկերությունը կարևոր նախագիծ է, որը մոտեցնում է ԵՄ-ին իր արևելյան հարևաններին՝ հանուն իրենց ժողովուրդների»,- հայտարարել է Շուլցը: Նրա խոսքով՝ վիլնյուսյան գագաթաժողովն «այդ գործընթացում կարևոր քայլ է»:
«Ես շնորհավորում եմ Մոլդովային ու Վրաստանին՝ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր նախաստորագրելու որոշման կապակցությամբ: Ես, սակայն, խորապես հիասթափված եմ, որ Ուկրաինան ու Հայաստանը հրաժարվել են գագաթաժողովի ժամանակ ասոցացման մասին համաձայնագիր ստորագրելու մտադրությունից: Հատկապես ցավալի է, որ այդ երկրների որոշումն ընդունվել է արտաքին ճնշման տակ: Մենք պետք է հստակ ու բարձրաձայն հայտարարենք, որ Ռուսաստանի տնտեսական ու քաղաքական ճնշումը մեր հարևանների նկատմամբ ուղղակի անընդունելի է»,- հայտարարել է Շուլցը:
ԵԽ նախագահը նաև նշել է, որ «ԵՄ- ի հետ ասոցացման դռները բաց են մնում», ու Եվրոպան երբեք չի մերժի տարածաշրջանի ժողովուրդների «եվրոպական հույսերը»: