Home / Տեսանյութեր / Նախագահականի մոտից հեռացված ընտանիքի իրերի մի մասը հետ տվեցին․ հեռախոսը ոստիկանությունում է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նախագահականի մոտից հեռացված ընտանիքի իրերի մի մասը հետ տվեցին․ հեռախոսը ոստիկանությունում է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Դեկտեմբերի 2-ին վաղ առավոտյան նախագահականի դիմացի մայթից քաղաքացիական հագուստով անձանց կողմից հեռացված Խուդոյանների ընտանիքն այսօր հայրենի քաղաքից՝ Էջմիածնից, եկել էր Երևան՝ իրենց պատկանող իրերը ստանալու համար։

Ընտանիքը նոյեմբերի 28-ից նստացույց էր անում նախագահականի մոտ, և նրանց հեռացնելիս անհայտ անձինք կոտրել էին բջջային հեռախոսը, այնուհետ «մաքրել» տարածքը հագուստներից, տաք ծածկոցներից և այլ իրերից, սակայն դրանք Խուդոյաններին հետ չէին տվել։

Epress.am-ի թղթակցի հետ զրույցում Աշոտ Խուդոյանն ասել է, թե 2 օր է չի կարողացել պարզել իրերի գտնվելու վայրը։ Նա նաև վստահություն է հայտնել, որ իրենց տեղանքից հեռացրել են էջմիածինցի ոստիկանները։ Ավելի վաղ Epress.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության լրատվության բաժնի ներկայացուցիչ Արմեն Մալխասյանը նշել էր, որ իրենք տեղյակ չեն, թե ով է նախագահականի դիմացի մայթից հեռացրել Խուդոյաններին։

Խուդոյանի կինը՝ Հեղինե Մակարյանը, նշել է, որ իրենք դեկտեմբերի 2-ից մինչև դեկտեմբերի 3-ի առավոտ տնային կալանքի տակ են եղել, փորձել են հաղորդում տալ ոստիկանություն, սակայն իրենց հաղորդումը չեն ընդունել։

Այսօր Երևանում Աշոտ Խուդոյանը դիմել է նախագահական նստավայրի մոտ ծառայութուն իրականացնող ոստիկաններին և պահանջել է վերադարձնել այն ամենը, ինչը թողել էին ակցիայի վայրում։

Ոստիկանները տեղեկացրել են, որ իրերը գտնվում են ապահով վայրում, այն է՝ Մարշալ Բաղրամյան մետրոյի կայարանում և Խուդոյանին խորհուրդ են տվել զանգահարել 1-02 և օգնություն խնդրել այնտեղից։

Մի քանի ժամ ամուսինները բանակցել են մետրոյի կայարանի հսկիչ ոստիկանների հետ, որպեսզի իրենց թույլ տան վերցնել իրենց իրերը, սակայն վերջիններս բորբոքվել են, թե իրենք իրավասու չեն դրանք տրամադրել՝ «մենք չգիտենք, թե ով է սրանք կայարան մտցրել»։

Հարցին՝ ո՞վ կարող էր իրերը կայարանում թողնել, ոստիկանները պատասխանել են, թե իրենք տեղյակ չեն։

Ավելի ուշ Խուդոյաններին թույլ են տվել մոտենալ իրերին, ինչից հետո պարզվել է, որ բացակայում են Աշոտ Խուդոյանի բջջային հեռախոսն ու դրամապանակը, որի մեջ 20 հազար դրամ կար։

Ավելի ուշ Խուդոյանին տեղեկացրել են, որ բջջային հեռախոսը ոստիկանության Արաբկիրի բաժնում է, և ամուսինները գնացել են այն վերցնելու։ Սակայն Արաբկիրի բաժնում էլ ամեն ինչ հարթ չի անցել։ Խուդոյանին ասել են, թե պատասխանատուն խորհրդակցության է, իսկ մեկ ժամից ավել սպասեցնելուց հետո խնդրել են կրկին բաժին գալ վաղը 11։00-ին։

Tekali Taxi