Home / Հայաստան / Պռոշյանի գյուղապետի սպանության գործը գլխավոր դատախազի համար «լակմուսի թուղթ է»․ մեղադրյալի փաստաբան

Պռոշյանի գյուղապետի սպանության գործը գլխավոր դատախազի համար «լակմուսի թուղթ է»․ մեղադրյալի փաստաբան

ՀՀ գլխավոր դատախազության մոտ այսօր բողոքի ակցիա են անցկացրել Պռոշյան համայնքի նախկին ղեկավար Հրաչ Մուրադյանի սպանության գործով կալանավորված Արայիկ Պետրոսյանի ընտանիքի անդամները, փաստաբանը, համագյուղացիները: Վերջիններս հանդիպում են պահանջել գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ՝ վստահեցնելով, որ սպանության փաստով կալանավորված Պետրոսյանի անմեղությունն ապացուցում են մի շարք հանգամանքներ, մասնավորապես, այն, որ 9 ամիսների ընթացքում որևէ շոշափելի առաջընթաց չի նկատվել։

Պետրոսյանի շահերի պաշտպան Նորայր Նորիկյանը (լուսանկարում) նշել է, թե երեք անգամ դիմել են Կոստանյանին, սակայն որևէ արձագանք չեն ստացել։

«Այսօր մենք եկել ենք հստակ հայտնելու մեր դիրքորոշումը և անհապաղ հանդիպում պահանջելու, ինչպես նաև պարզաբանում ստանալու ստեղծված իրավիճակի համար։ 9 ամիս ակնհայտ ապօրինի կալանավորված Արայիկ Պետրոսյանը անմեղ է և որևէ կապ չունի տվյալ սպանության հետ, ու տարակուսելի է, թե ինչպես է նախաքննություն իրականացնող մարմինը վարում գործը», – ասել է Նորիկյանը։

Նրա խոսքով՝ այս ամիսների ընթացքում գործի շրջանակներում որևէ նոր բան չի ասվել։

«Ապրիլի 2-ից այս գործում որևէ տեղաշարժ չկա, ավելին՝ գործը հայտնվել է փակուղում։ Արդյունքում ունենք շուրջ 9 ամիս անազատության մեջ գտնվող ՀՀ քաղաքացի, որի իրավունքները տոտալ կերպով ոտնահարվում են։ Մեր խնդիրն է, որ գլխավոր դատախազն իր դժգոհությունն արտահայտի ստեղծված գործի վերաբերյալ, և ասեմ, որ այս գործը, որպես նորանշանակ դատախազ, իր համար դառնալու է լակմուսի թուղթ, թե ինչպիսին են ընդհանրապես մեր իրավապահ մարմինները և ինչ վերաբերմունք ունեն այս գործի հանդեպ։ Հետևաբար, նրանց դրսևորած վարքագիծը հնարավորություն կտա գնահատել նրանց օբյեկտիվ աշխատանքը», – եզրափակել է Նորիկյանը։

Tekali Taxi