Գլխավոր / Հայաստան / Ղարաբաղյան խնդիրը կլուծվի Ադրբեջանի ժողովրդավարացման դեպքում․ Հասանլի

Ղարաբաղյան խնդիրը կլուծվի Ադրբեջանի ժողովրդավարացման դեպքում․ Հասանլի

Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի երկու երկրներում ժողովրդավարական իշխանությունների պայմաններում, առաջին հերթին՝ Ադրբեջանում։ Newcaucasus.com-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի» նախագահ Ջամիլ Հասանլին։

Ընդդիմադիր գործիչը, մասնավորապես, հայտարարել է․ «Երկիրը պետք է զարգանա ժողովրավարական պայմաններում, պետք է պաշտպանվեն բնակչության քաղաքացիական իրավունքները, իշխանությունը պարտավոր է հարգել ազգային փոքրամասնություններին, սոցիալական ոլորտը պետք է նորմալ գործի․ այս ամենը հնարավոր է միայն ժողովրդավար կառավարման դեպքում։ Հետևաբար, մենք կարծում ենք, որ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը հնարավոր է միայն լիարժեք ժողովրդավարության պայմաններում։ Եթե Ադրբեջանը վիլնյուսյան գագաթաժողովի ժամանակ համաձայնությունների լիարժեք փաթեթ ստորագրեր, ապա դա դրական ազդեցություն կունենար հակամարտության կարգավորման վրա»։

Հասանլիի խոսքով՝ հաշվի առնելով, որ Հայաստանն ընտրել է Ռուսաստանի հետ ինտեգրման ուղին ու հրաժարվել ԵՄ-ի հետ ասոցացումից՝ Ադրբեջանի՝ վիլնյուսյան համաձայնագրի ստորագրումը երկրի համար նոր հնարավորություններ կստեղծեր․ «Երկիրը կարժանանար եվրոպական պետությունների աջակցությանը, ինչը սեփական երկրի քաղաքացիների, ազգային փոքրամասնությունների իրավունքների նկատմամբ հարգանք ու ժողովրդավարական ինստիտուտների զարգացում է ենթադրում։ Դա հակամարտության կարգավորման համար լայն հեռանկարներ կստեղծեր, քանի որ այդ դեպքում Ադրբեջանը կստանար Արևմուտքի, ԱՄՆ-ի, միջազգային հանրության աջակցությունը»։

Հասանլին խոսել է նաև Բաքվի՝ Ասոցացման համաձայնագրից հրաժարվելու որոշման մեջ Ռուսաստանի դերի մասին․ «Մոսկվան չի ցանկանում, որ արևմտյան ազդեցությունը տարածվի նախկին Խորհրդային միության տարածքում, ու դրա համար տարբեր խոչընդոտներ է ստեղծում։ Բայց ի՞նչ է Ռուսաստանը փոխարենն առաջարկում հետխորհրդային երկրներին։ Նրանց միջև նորմալ քաղաքական ու տնտեսական համագործակցություն չկա, Ռուսաստանն ինքը ժողովրդավարական երկիր չէ։ Կարծում եմ՝ վաղ թե ուշ Հարավային Կովկասի բոլոր երկրները կինտեգրվեն արևմտյան կառույցներին․ դա ժամանակի խնդիր է»։