Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու դեմ այսօր Ազատության հրապարակում անցկացված հավաքի ժամանակ «Ազգային ինքնորոշում» միավորման նախագահ Պարույր Հայրիկյանին է մոտեցել «Միացյալ երիտասարդական լիգա» կազմակերպության համանախագահ Սևակ Հովհաննիսյանը և Հայրիկյանին մեղադրել մասոն լինելու մեջ:
Սևակ Հովհաննիսյանն ասել է, որ իրեն կաշառք առաջարկած 32-րդ կարգի մի մասոն հայտնել է, որ Հայրիկյանը ևս մասոն է:
«Դուք ճանաչո՞ւմ եք մի մասոնի, ով իր կյանքի մեծ մասը նվիրած լինի Հայաստանի անկախության գաղափարին»,- պատասխանել է Հայրիկյանը:
«Միացյալ երիտասարդական լիգայի» ներկայացուցիչը հետաքրքրվել է, թե ինչ է Հայրիկյանը մտածում կրոնական կազմակերպությունների մասին: Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ իրենց կազմակերպությունը պայքարում է կրոնական կազմակերպություններում անօրինականությունների դեմ և հունվարից ունենալու է կենտրոններ տարբեր մարզերում, իսկ ֆինանսավորումն ապահովվելու է բարերաների շնորհիվ:
Հայրիկյանը պատասխանել է, որ իրենք առաջնորդվում են Հայաստանի Սահմանադրությամբ և Մարդու իրավունքների կոնվենցիայով: