Տավուշի մարզի Բերդ քաղաքից 47 միլիոն դրամի գողության գործով առաջին ատյանի դատարանի վճիռը բեկանվել է վերաքննիչ դատարանում և ուղարկվել առաջին ատյան։ Երեկ Իջևանում տեղի է ունեցել գործով նոր դատաքննության առաջին նիստը: Այս մասին Epress.am-ին հայտնել է Խաչատրյանի պաշտպան, Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արարատ Մարգարյանը: Հիշեցնենք, որ 47 միլիոնի դրամի համաժեք ոսկյա իրերի և թղտադրամների գողության մեջ մեղադրվում էին Մասիս Խաչատրյանը և Կորյուն Ալավերդյանը։ Խաչատրյանը դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման, իսկ Ալավերդյանն արդարացվել էր:
Թեև վճիռը բեկանվել է, Մասիս Խաչատրյանի նկատմամբ կիրառվող խափանման միջոցը չի փոխվել. նա շարունակում է մնալ կալանքի տակ: Կողմը սպասում էր, որ Վերաքննիչը կարդարացնի Խաչատրյանին ևս և ոչ թե գործը հետ ուղարկի առաջին ատյան, ուստի դիմում է ներկայացրել Վճռաբեկ դատարան:
Երեկվա նիստին ցուցմունք է տվել տուժողը՝ Վլադիմիր Վանեսյանը, սակայն այն կիսատ է մնացել և կշարունակվի հաջորդ նիստին՝ 2014 թվականի հունվարի 10-ին:
Արարատ Մարգարյանի խոսքով՝ նախկին մեծահարուստ տուժողի տված ցուցմունքն այս անգամ մի փոքր տարբերվել է նախորդ ցուցմունքներից, ինչը, Մարգարյանի կարծիքով, պայմանավորված է նրանով, որ տուժողը ցուցմունք էր տալիս պաշտպանի՝ Հովիկ Արսենյանի ներկայությամբ: Ինչևէ, տուժողին կողմերը հարցեր կտան հաջորդ նիստին և այնուհետև դիրքորոշում կհայտնեն նրա ցուցմունքի մասին:
Ըստ Մարգարյանի՝ տուժողը իր տան գողությունից միայն 6 ամիս հետո տված ցուցմունքում է հիշատակել, որ անծանոթ մարդու է տեսել բակում, և այդ ցուցմունքը շարունակում է պնդել:
Նշենք, որ Մասիս Խաչատրյանը պնդում է, որ իր դեմ առկա միակ ապացույցը՝ տանը խուզարկությամբ հայտնաբերված գողացված դեղին գույնի առյուծի պատկերով մատանին, պահարանի դարակում գցել է ոստիկանույթան աշխատակից Վոլոդյա Չոբանյանը: