«Ժառանգություն» կուսակցությունը գոհունակություն է հայտնում 2013 թ. դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրված՝ ՀՀ կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» հակասահմանադրական պայմանագիրը ՀՀ Ազգային ժողովում չվավերացվելու առթիվ: Այս մասին ասված է կուսակցության տարածած հայտարարության մեջ։
«Արձանագրում ենք, որ 2013թ. դեկտեմբերի 23-ին ԱԺ-ում հիշյալ պայմանագրի քվեարկության ընթացքում չի պահպանվել սահմանված ընթացակարգը, հաշվիչ հանձնաժողովը չի իրականացրել ձայների հաշվարկ: Մեր լիակատար համաձայնությունն ենք հայտնում խորհրդարանական խմբակցությունների մեծամասնության` պայմանագրի վավերացված չլինելու մասին հայտարարությանը: Ողջունում ենք պայմանագրի դեմ ՀՀ քաղաքացիների, լրագրողների արդարացի բողոքը, զորակցում ենք նրանց պայքարին:
Անհրաժեշտ ենք համարում մեկ անգամ ևս ընդգծել, որ խնդրո առարկա պայմանագիրը ստեղծվել և Ազգային ժողովի վավերացման փուլին է հասել միայն որովհետև Հայաստանում ձևավորված է ոչ լեգիտիմ իշխանություն` կեղծված ընտրությունների արդյունքում: Ուստի ՀՀ շահերը ոտնահարող այս և շատ այլ պայմանագրեր չեն կարող համարվել ՀՀ ստանձնած պարտավորություններ, իսկ դե ֆակտո իշխանության անհապաղ հեռացումը պետք է լինի հանրային գիտակցության եւ գործողությունների առաջնահերթություն», – նշում են հայտարարության հեղինակները: