ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը այժմ Հայաստանում չէ, կվերադառնա Նոր տարուց հետո, սակայն նրա «տղաները», հավանաբար, օլիգարխ-պատգամավորի հրահանգն ունենալով, չեն թողնում, որ կայարանամերձ շուկայի տերը՝ Գառնիկ Արշակյանը և նրա կինը մտնեն տարածք։ Այս մասին իր այսօրվա համարում գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Մհեր Սեդրակյանի տանիքի տակ գործող «Բիտեկ» կազմակերպության և Արշակյանին պատկանող «Նարեկ Ա» ՍՊԸ-ի միջև կոնֆլիկտը՝ շուկայի տարածքը տնօրինելու համար, ծայր է առել դեռևս ամռանը։ 20 տարվա շուկան վարձակալել է «Նարեկ Ա» ՍՊԸ-ն, բայց դեկտեմբերի 16-ից Հարավկովկասյան երկաթուղու տնօրինությունը, որին պատկանում է առևտրային այս տարածքը, փոխել է վարձակալին, պայմանագիր կնքելով ոչ թե նախկին տիրոջ, այլ «Բիտեկ» ՍՊԸ-ի հետ, որը նաև հարակից գետնանցման տաղավարների տերն է։
«Հավանաբար, հենց կառավարությունից են խորհուրդ տվել, որ «Երկաթուղին» «Բիտեկի» հետ պայմանագիր կնքի։ Պատրվակը շուկայի վերակառուցումն էր, «խոզանոցը մաքրելը» (Մհեր Սեդրակայնաի հեղինակային մեկնաբանությունը «Հրապարակին»)։ Թե կոնկրետ ում որոշումն էր սա, հայտնի չէ։ Շուկայի հին տերը գրություն ունի կառավարությունից առ այն, որ տարածքի հարցերը երկաթգծի տնօրինությունն է որոշում։ Հարավկովկասյան երկաթուղուց էլ պատասխան կա առ այն, որ կապի և տրանսպորտի նախարարությունից են իրենց առաջարկել «Բիտեկ»-ի հետ կնքել նոր պայմանագիր, ինչը նախարարությունը, սակայն, ժխտում է և դարձյալ՝ գրավոր»,–գրում է թերթը։
«Հրապարակ»-ը նշում է, որ շուկայի նախկին վարձակալը դատի է տվել «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությանը՝ վիճարկելով որոշումն այն պատճառաբանությամբ, որ օգտագործողի՝ առաջնություն ունենալու իր իրավունքը խախտված է։ Դատական գործընթացն ավարտված չէ, սակայն Մհեր Սեդրակյանի «տղաները» արգելում են Գառնիկ Արշակյանի մուտքը տարածք, կոտրում են պահեստի դռան կողպեքը և նորն են տեղադրում, ներխուժում են Արշակյանի աշխատասենյակ։ Վերջինս դիմել է ոստիկանություն, բայց հույս չունի, թե Էրեբունու ոստիկանները կպատժեն խուլիգաններին։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում