Home / Հայաստան / «Վախենում են՝ նախագահը հոգեդարձ լինի»․ կնոջը թույլ չեն տվել հասնել նախագահական (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Վախենում են՝ նախագահը հոգեդարձ լինի»․ կնոջը թույլ չեն տվել հասնել նախագահական (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Սերժ Սարգսյանի ու իշխանությունների մեռած հոգիների համար» նախատեսված մոմավառության կազմակերպիչ, ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանին մի քանի տասնյակ ոստիկաններ այսօր թույլ չեն տվել դուրս գալ Ազատության հրապարակից ու բարձրանալ Բաղրամյան 26։

Ավելի վաղ Еpress.am-ի թղթակցին Մարգարյանն ասել էր, որ պատրաստվում է երթով գնալ նախագահական նստավայր և հիշատակի մոմավառություն անցկացնել։

Մինչ երթի մեկնարկը փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը մոտեցել է Մարգարյանին ու պահանջել հրաժարվել մոմավառության գաղափարից, սակայն ազատամարտիկը հակադարձել է, որ ամեն գնով հասնելու է Բաղրամյան 26։

1margaryan

Մեկուկես ժամ Մարգարյանին հսկող շուրջ 50 ոստիկաններ պատ են կազմել և արգելել են դուրս գալ հրապարակի տարածքից։

«Չեն թողնում՝ գնամ։ Վախենում են՝ նախագահը հանկարծ հոգեդարձ լինի։ Վախենում են՝ մոմը վառեմ, սատանան մեջից դուրս թռնի», – դիմելով լրագրողներին՝ ժպտալով ասել է կինը։

Մարգարյանը ոստիկաններից պահանջել է չխոչընդոտել իր ազատ տեղաշարժը և պարզաբանում տալ՝ «ինչո՞ւ են պատ կազմում, երբ ինքը սկսում է առաջանալ դեպի Մաշտոցի պողոտա»։

2margaryan

«Ասեք հասկանամ՝ միգուցե հանցագո՞րծ եմ, չգիտեմ՝ ինչի՞ համար եք ճանապարհս փակում։ Ես կոնկրետ ասում եմ, թե ուր եմ գնում ու ինչի համար, դուք էլ պատասխանեք՝ ինչո՞ւ ես իրավունք չունեմ քայլել Երևանի փողոցներով», – ոստիկաններից հարցրել է ազատամարտիկը, ինչին ի պատասխան վերջիններս միայն կրկնել են՝ «մեկ ա, չես գնալու»։

Ավելի ուշ Մարգարյանը Ազատության հրապարակում վառել է մոմերից մեկը ու շեշտել, որ ոչ մի տարբերություն չի տեսնում, թե որտեղ կվառվի մոմը՝ «Նշանակություն չունի, էստեղ, թե նախագահականում, դրանց սատկած հոգիները ամենուր են»։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին Սուսաննա Մարգարյանը կազմակերպել էր «Սերժ Սարգսյանի թաղումը»։ Երբ նա գետնին է գցել ՍերԺ Սարգսյանի նկարով պաստառը և ոտքերով տրորել այն, ոստիկանները փորձել են բերման ենթարկել ազատամարտիկ կնոջը։

Epress.am-ի հետ զրույցում Մարգարյանն ասել էր, որ ազատամարտիկ կանանց ու հայ մայրերի համար Սերժ Սարգսյանը մահացել է, իրենք էլ թաղման երթ են կազմակերպել, որի ընթացքում անցորդներին հորդորել են միանալ ու «ծաղկեպսակներ տանել Բաղրամյան 26»։