Ադրբեջանական «Հայելի» թերթի քաղաքական վերլուծաբան Ռաուֆ Միրկադիրովը կիսվել է վերջերս Հայաստան կատարած իր այցից ստացած տպավորություններով։ Միրկադիրովը հրավիրվել էր «Անվտանգությունը և համագործակցությունը Հարավային Կովկասում» թեմայով միջազգային համաժողովին մասնակցելու։ Նա, մասնավորապես, պատմել է օդանավակայանում տեղի ունեցած միջադեպի մասին, որը, Միրկադիրովի կարծիքով, պատկերում է ռուս-հայկական հարաբերությունների ողջ իրողությունը։
«Դեկտեմբերի 20։ Երևանի «Զվարթնոց» օդանավակայան։ Ձեռքի ուղեբեռի զննման պարզ ընթացակարգ եմ անցնում։ Հանկարծ, բառիս բուն իմաստով, բղավոց եմ լսում․ մի 40-ամյա տղամարդ բղավում է մի փխրուն աղջկա վրա, ով անցկացնում է ուղեբեռի զննումը։ Ընդ որում, բղավում է մաքուր ռուսերենով․ «Ոչինչ։ Քիչ մնաց։ Ձեր բոլոր օրենքները մեր կողմից են սահմանվելու։ Հայաստանի բոլոր քաղաքացիները ապրելու են մեր կողմից սահմանված օրենքներով»։
Ավելի ուշ ինձ ուղեկցող անվտանգության աշխատակիցը հայտնեց, որ ռուսաստանցի ուղևորը դժգոհ էր, որ իր մոտից, ինչպես ընդուված է աշխարհի բոլոր օդանավակայաններում, բռնագրավել են տափակաբերան աքցանը։ Ուրիշ ոչինչ։ Միևնույն ժամանակ, ինձ հայտնեցին, որ ճակատագրի հեգնանքով, այդ մարդը ռուսաստանյան խոշոր օդանավակայաններից մեկի պետն էր։
Անկիրթ մարդկանց կարելի է հանդիպել ամենուր՝ թե ռուսների, թե հայերի, թե ադրբեջանցիների շրջանում։ Բայց այս տեսարանը հիանալի կերպով պատկերում էր այն, ինչ մենք՝ Ռուսաստանից, Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից, Ուկրաինայից, Բելառուսից, Իրանից, Թուրքիայից ու անգամ հեռավոր Լիբանանից հավաքված փորձագետներս, քննարկում էինք Երևանում կայացած համաժողովի ընթացքում։
Ինչպես արդեն նշվեց, այս հոդվածի հեղինակն անցած շաբաթ Երևանում մասնակցում էր «Անվտանգությունը և համագործակցությունը Հարավային Կովկասում» թեմայով միջազգային համաժողովին, որը կազմակերպվել էր հայաստանյան «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի ու ռուսական «ՊոլիտԿոնտակտ» քաղաքական տեխնոլոգիաների կենտրոնի կողմից։
Մի խոսքով, համաժողովի երկու օրերի ընթացքում ռուսաստանցի գործընկերների մեծ մասը մեզ փորձում էր համոզել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից առաջարկվող՝ հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն նախագծերին ներգրավվածությունը լավ է բոլորի համար։ Դա անվտանգության հասնելու, հակամարտությունների կարգավորման, տարածաշրջանի երկրների արդյունավետ համագործակցության ուղին է։
Այսինքն, այդ կրթված ռուսաստանցին, որը տեղյակ էր հետխորհրդային տարածքում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունների մասին, իրեն տիրոջ, կամ գրեթե տիրոջ պես էր պահում։ Ու դա այն դեպքում, որ Հայաստանը դեռ Մաքսային միության անդամ չէ։ Իսկ ահա «Զվարթնոց» օդանավակայանի անվտանգության աշխատակիցները, որոնք, կարծես, փորձում էին «չնկատել» ուղևորի լկտի պահվածքը, նրան արդեն իրենց տեր են ճանաչել»։