Home / Հայաստան / Դիլիջանի «ռազբորկային» մասնակցած ոստիկաններին պաշտոնից ազատել են թերթի հարցումից հետո

Դիլիջանի «ռազբորկային» մասնակցած ոստիկաններին պաշտոնից ազատել են թերթի հարցումից հետո

Դեկտեմբերի 24-ին Դիլիջանում տեղի ունեցած «ռազբորկայի»-ին, որի ընթացքում հնչած կրակոցներից զոհվել են Թեղուտի գյուղապետ Արարատ Թամրազյանի որդին՝ Արտավազդ Թամրազյանը, և «Հաղարծին» ռեստորանային համալիրի սեփականատիրոջ եղբոր որդին՝ Նավասարդ Աբգարյանը, մասնակցել են ոստիկանության Դիլիջանի բաժնի պետն ու բազմաթիվ այլ ոստիկաններ։ Այս մասին իր այսօրվա համարում գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։

Թերթի տեղեկություններով՝ ոստիկանության պետի ներկայությամբ զենք կիրառողներից մեկն էլ անարգել թողել-հեռացել է դեպքի վայրից։

«Նախօրեից մեր թղթակիցը փորձում էր ճշտել սույն տեղեկությունները։ Դիլիջանի ոստիկանապետ Արթուր Եգանյանը մեր թղթակցի հետ զրույցում, բնականաբար, հերքել էր այդ լուրերը, իսկ ՀՀ ոստիկանությունից նախօրեին հայտնել էին միայն, որ այդ գործով մի հոգի գտնվում է հետախուզման մեջ (մեր տեղեկություններով, հետախուզվողը Թեղուտի գյուղապետ Արարատ Թամրազյանի մյուս որդին է)։ Թեղուտի գյուղապետ Արարատ Թամրազյանը նույնպես հերքում էր ամեն ինչ և չգիտեր, թե որտեղ է իր որդին:

Երեկ ստիպված եղանք արդեն երկրորդ հարցումն ուղղել ոստիկանությանը՝ դեպքի մանրամասները և ոստիկանների մասնակցությունը ճշտելու նպատակով։ Ոստիկանությունը մեր հարցմանը պատասխանեց, սակայն, յուրովի միջնորդավորված։ Հարցումն ուղարկելուց մի քանի ժամ անց էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկում տեղեկություն հայտնվեց, որ երեկ զբաղեցրած պաշտոնից ազատվել են Ոստիկանության Դիլիջանի բաժնի պետ Արթուր Եգանյանը, Դիլիջանի բաժնի ղեկավար կազմի ներկայացուցիչները, քրեական և քննչական վարչության պետերը։ Եթե այս տեղեկությունը պաշտոնապես հաստատվի, ապա կարելի է պնդել, որ ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանը մոտ 15 օր սպասել է՝ տեսնելու, թե ոստիկանների մասնակցությունը այդ ռազբորկային հանրությանը հայտնի կդառնա, թե՝ ոչ, և նրանց ազատել է զբաղեցրած պաշտոնից միայն այն բանից հետո, երբ մենք ոստիկանությանը հարցումներ ենք ուղղել դեպքի վերաբերյալ», – նշում է թերթը։

Մանրամասները՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում