Սերգեյ Նիգոյանը ոչ միայն Եվրամայդանի, այլև Հայաստանի և Ուկրաինայի ժողովուրդների բարեկամության և անկախության պայքարի խորհրդանիշն է։ Այսօր Հայաստանում Ուկրաինայի դեսպանատան մոտ Կիևում հունվարի 22-ին սպանված Սերգեյ Նիգոյանի և այլ զոհերի հիշատակին նվիրված ակցիայի ընթացքում նման կարծիք է հայտնել քաղաքական գործիչ, նախկին պատգամավոր, ԱԱԾ նախկին պետ Դավիթ Շահնազարյանը։
«Այսօր Ուկրաինայի ժողովուրդը պայքարում է հանուն իր անկախության, ընդդեմ ռուսական կայսրության, ու մենք տեսնում ենք, որ Յանուկովիչն օգտագործում է այն նույն բիրտ մեթոդները, որը Ռոբերտ Քոչարյանն օգտագործում էր 2008-ի Մարտի 1-ին։ Ըստ էության ՝ ձեռագիրը նույնն է, ու որևէ կասկած չունեմ, որ այդ ձեռագիրը մշակված է Ռուսաստանի հատուկ ծառայությունների կողմից՝ թե Մարտի 1-ին Երևանում, թե այժմ Կիևում։ Այստեղ հավաքվածները սատարում են Ուկրաինայի ժողովրդին և դատապարտում Յանուկովիչի իշխանությունների կողմից կատարվող հանցագործությունները, որոնք ոչ միայն Ուկրաինայի ժողովրդի դեմ են, այլև հանցագործություն են մարդկության դեմ», – ասել է Շահնազարյանը։
Մոտ մեկ ժամ տևած ակցիայի ընթացքում մասնակիցները մոմավառություն են կազմակերպել և Նիգոյանի նկարներով պաստառները ձեռքներում պահած՝ մերթընդմերթ վանկարկել «Փառք Ուկրաինային, հերոսներին փառք» կարգախոսը։
Ակցիայի մասնակից, լրագրող Գայանե Առուստամյանը, ով նախորդ տարի ներկա է եղել Եվրամայդանում անցկացվող հանրահավաքներին, վստահեցրել է, որ «մարդաշատ ու խաղաղ Մայդանը» երիտասարդների արյունով հեղեղելու կազմակերպողը Ռուսական ԿԳԲ-ն է։
«Նույն ահաբեկչությունն էր, որը տեղի ունեցավ Մարտի 1-ին Երևանում և չգիտեմ՝ ինչու, որոշ շրջանակներ դա թաքցնում են։ Ցավոք սրտի՝ առաջին զոհը հայ լուսավոր, սիրահարված տղա էր, որին շատ կարճ ճանաչեցի՝ ծով ամբոխի մեջ կորցրի Սամվելին (նկատի ունի Սերգեյին – խմբ․)։ Ինձ թվում է, որ ես նրան պիտի գտնեի ու ինչ-որ բան անեի նրա համար, քանի որ նա Դնեպրոպետրովսկից էր եկել, ընկերուհու հետ էր ու գիշերում էր Մայդանում։ Կարծում եմ՝ Մայդանը հաղթելու է, քանի որ ժողովուրդն այնտեղ վճռական է, իսկ հաղթանակի ամենակարևոր նախապայմանն այն է, որ ուժայինների մեջ, բացի Կրեմլի ինկուբատորներում աճեցված մարդասպաններից, կան գիտակից ու արժանապատիվ սպաներ, ծովակալներ, ովքեր կոչ են անում «Բերկուտին» ոչ միայն չխառնվել, այլև անցնել ժողովրդի կողմը», – ասել է Առուստամյանը՝ նշելով, որ Նիգոյանի անունը Սամվել է, ոչ թե Սերգեյ, ինչպես գրում են ուկրաինական ԶԼՄ-ները։
«Բանակն իրականում» նախաձեռնող խմբի անդամ Ծովինար Նազարյանը հիշեցրել է, որ «հայ ազգը ունի այն ցավագին փորձառությունը, ինչի միջով այս պահին անցնում է ուկրաինական ժողովուրդը»։
«Մեր ազատության ու իրավունքների համար պայքարում 2008-ի Մարտի 1-ին 10 զոհ ունեցանք, և ես հույս ունեմ, որ ուկրաինացիներին կհաջողվի հաղթահարել ճգնաժամը ու կկարողանան հասնել իրենց ազատությանը, ինչը, ցավոք սրտի, մեզ չհաջողվեց։ Չհաջողվեց այն պատճառով, որ հայաստանյան իշխանությունները դաժանաբար գնդակահարեցին ու ճնշեցին ազատագրվելու ճիգը», – եզրափակել է Նազարյանը։