Այսօր ԱԺ-ում քննարկվել է Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը. քննարկումը, սակայն, վերածվել է Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին բանավեճի:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը զեկուցողներ ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանին ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին հարցել է՝ արդյոք ՍԴ-ի՝ կուտակայինի որոշ հոդվածներ կասեցնելուց հետո էլ գործատուները կտուգանվե՞ն, եթե չվճարեն բաղադրիչը:
Հակոբ Հակոբյանն ասել է, որ ՍԴ-ն կասեցրել է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի միայն 76-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունները, այսինքն՝ բոլոր այլ օրենքները խախտելու դեպքերը, այո, կդիտվեն, որպես խախտումներ:
Չստանալով հստակ պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը երկու անգամ կրկնել է հարցը:
«Եթե գործատուն չվճարի կուտակային գումարները, չի՞ ենթարկվի տուգանքի, աշխատողը կարո՞ղ է ասել իր գործատուին՝ ՍԴ որոշում կա, իմ ամբողջ աշխատավարձը տուր, թե՞ այդ դեպքում գործատուն ինքը կտուգանվի»,- կրկին հարցրել է Փաշինյանը:
«Գործատուներն ունեն պարտավորություններ՝ կատարելու վճարումներ: Եթե որոշ հոդվածներ կասեցված են, չի նշանակում, որ գործատուները պետք է իրենց վճարելը պայմանավորեն սանկցիաներով»,- պատասխանել է Ասատրյանը։
Հստակ պատասխանի բացակայությունը վրդովվեցրել է նաև պատգամավոր Հրանտ Բագրատյանին, ով ասել է. «Ուզում եք հարկը բարձրացնել, բայց ոչ մի հարցի չեք պատասխանում: Այս նախագիծը կասկածելի է, գնալով պարզվում է, որ դա ռեֆորմ բառի հետ կապ չունի»:
«Ժառանգությունից» Ռուբեն Հակոբյանը նույն հարցն է բարձրացրել՝ այլ վերաշարադրմամբ: Նա հարցրել է՝ արդյոք աշխատողը, չստանալով լրիվ աշխատավարձ, կարող է դիմել դատարան և հետ ստանալ գործատուի կողմից վճարված գումարը: Արտեմ Ասատրյանը պատասխանել է, թե ՍԴ-ի որոշումով միայն աշխատողներն են ազատվում սանկցիաներից, իսկ գործատուների պարտավորությունները մնում են:
«Ինչ կլինի, եթե աշխատողը դիմի դատարան, չեմ կարող պատասխանել», – ասել է նախարարը:
Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ ՊԵԿ-ը գտել է ՍԴ որոշումը շրջանցելու եղանակ: