«Դ!եմ եմ» նախաձեռնության անդամները՝ կուտակային կենսաթոշակների դեմ բողոքող հարյուրավոր քաղաքացիների հետ միասին այսօր հերթական անգամ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել՝ կոչ անելով պատկան մարմիններին ինքնակազմակերպվել ու կատարել Սահմանադրական դատարանի` պարտադիր բաղադրիչի վճարման կասեցման մասին որոշումը։
«Կասեցում», «Միավորում», «Ամոթ, ամոթ», «Ազատ, անկախ Հայաստան» վանկարկումներով, «Չեմ արտագաղթելու», «Դ!եմ եմ» գրությամբ պաստառներով և սուլոցներով երթի մասնակիցները նախ անցել են Կառավարության, Կենտրոնական բանկի, Պետեկամուտների կոմիտեի շենքերի մոտով, այնուհետ շարժվել դեպի քաղաքապետարան։
Երթի ընթացքում ակցիայի մասնակիցները կոչ են արել աշխատող քաղաքացիներին միանալ իրենց և անօրինական ճնշումների տակ ֆոնդեր չընտրել։
«Հունվարի 28-ի դրությամբ ֆոնդեր էին ընտրել քաղաքացիների 0,5 տոկոսը, այդ թիվը խոսում է անվստահության և կառավարության անպատրաստության մասին։ Կառավարությունն այս 10 տարիների ընթացքում չակերտավոր բարեփոխմանը պատրաստվել է 0,5 տոկոսով, այն էլ՝ ստիպողաբար։ Մենք ասում ենք՝ այս օրենքը չի ներդրվելու, պարտադրելու ենք մեր իրավունքները», – ասել է երթի մասնակիցներից մեկը։
Նշենք, որ հարյուրավոր ոստիկաններ հետևել են երթի ողջ ընթացքին, մասնավորապես, ՊԵԿ-ի մոտ պատ են կազմել և փակել են շենքի տարածքը։ Նրանք թույլ չեն տվել ցուցարարներին մոտենալ շենքին, ինչից հետո նրանց ու ցուցարարների միջև քաշքշուկ է սկսվել։ Մի քանի ակտիվիստներ մոտեցել և ՊԵԿ-ի շենքի գլխավոր մուտքի դռներին են փակցրել նախաձեռնության թռուցիկները, սակայն ոստիկաններն անմիջապես պոկել են դրանք։
Ավելի ուշ, երբ ցուցարարները սկսել են առաջանալ, որոշ մասն էլ ճեղքել է ոստիկանական պատը և մոտեցել շենքին, ոստիկաններն ուժով հետ են մղել նրանց։