Կառավարության նիստի ավարտին ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հանդիպել է շենքի մոտ բողոքի ակցիա անցկացնող զոհված զինծառայողների մայրերին և խոստացել է ընդունել նրանց։
Դատախազը նշել է, թե ինքը բոլոր գործերին շատ լավ ծանոթ է և համապատասխան միջոցներ է ձեռնարկում՝ դրանք բացահայտելու ուղղությամբ։
«Ես երբեք չեմ հրաժարվել ձեզ ընդունել ու հիմա էլ պատրաստ եմ անել դա, բայց որպեսզի մեր քննարկումը լինի արդյունավետ՝ համեցեք ձեր փաստաբանի կամ մեկ այլ իրավաբանի հետ», – ասել է Կոստանյանը։
Արտակ Նազարյանի մայրը՝ Հասմիկ Հովհաննիսյանը, անիմաստ է համարել մոտենալ և զրուցել դատախազի հետ, քանի որ վստահ է, որ Կոստանյանը շահագրգռված է ոչ թե հանցագործությունները բացահայտելու, այլ դրանք կոծկելու մեջ։
Epress.am-ի հետ զրույցում Հասմիկ Հովհաննիսյանն ասել է, որ դեպքերը բացահայտելու ամենաչնչին ցանկության դեպքում Կոստանյանը Արտակ Նազարյանի աղմկահարույց սպանության գործից գոնե մեկ էջ կկարդար։
«Ընդամենը 1,5 անգամ եմ եղել իր մոտ, առաջին անգամ գնացել էի փաստաբանի հետ, սակայն այդ հանդիպումը ոչինչ չտվեց, հաջորդ անգամ նույնիսկ լսել չուզեցավ՝ վերցրեց ձեռքի հեռախոսը, խոսելով դուրս եկավ։ Հիմա ի՞նչ ունի ասելու։ Իհարկե, ոչինչ, ուստի համդիպմանը չեմ գնալու, քանի որ նա ասելիք չունի, ես՝ լսելիք։ Ես իրեն համարում եմ գլխավոր հանցագործ, ինքը գլխավոր մարդասպանն է, որովհետև հովանավորում է մարդասպաններին։ Ես համարում եմ, որ իմ տղայի արյունը ոչ միայն սպանողի, այլև վկաների, ականատեսների, կոծկողների, ՀՀ նախագահի ու գլխավոր դատախազի վրա է։ Այստեղ էլ պատասխան չտան՝ Աստծո մոտ անպայման հաշիվ են տալու իրենց արարքների համար», – եզրափակել է Հովհաննիսյանը։
Տեսանյութում՝ զոհված զինվորների մայրերը զրուցում են Գևորգ Կոստանյանի հետ։