Ամերիկյան «ՄաքԴոնալդս Քորփորեյշն» ընկերությունն իր ապրանքանշանը Հայաստանում գրանցել է դեռևս 1999 թվականի փետրվարի 12-ին, սակայն Մտավոր սեփականության գործակալությունում գրանցված «MCDONALD`S» ապրանքային նշանն այդ օրից ի վեր չի օգտագործվել: «Փաստինֆո» գործակալության փոխանցմամբ՝ այս փաստով ՀՀ դատարան է դիմել մեկ այլ oտարերկրյա ընկերություն` Ռուսաստանի Դաշնությունում 2012թ․ գրանցված «Վեստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը` պահանջելով չեղյալ հայտարարել «MCDONALD`S» ապրանքային նշանի գրանցումը:
Այս հայցով ռուսական ընկերությունը 2013թ. դիմել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Հայցադիմումը դատարանի կողմից վարույթ է ընդունել, բայց հետո՝ կարճվել: Պատասխանող «ՄաքԴոնալդս Քորփորեյշն» ընկերության ներկայացուցիչը դատարանին միջնորդել է կարճել գործի վարույթը` վեճը ՀՀ ընդհանուր իրավասության դատարաններում քննության ենթակա չլինելու հիմքով: Դատական նիստին ներկա Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի Մտավոր Սեփականության գործակալության ներկայացուցիչը ևս կարծիք է հայտնել, թե «Վեստ» ընկերության հայցը՝ ընդդեմ ՄաքԴոնալդս Քորփորեյշն ընկերության «MCDONALD`S» ապրանքային նշանը չեղյալ հայտարարելու մասին, ենթակա չէ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քննությանը, այլ ընդդատյա է ՀՀ վարչական դատարանին: Նույն պատճառաբանությամբ ու հիմքով դատարանը որոշել է կարճել գործի վարույթը:
«Նման պայմաններում, անկախ վարչական մարմինների գործողությունների ըստ էության վիճարկման փաստից, ապրանքային նշանի գրանցումը չեղյալ հայտարարելուն ուղղված հայցը ենթակա չէ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քննությանը: Դատարանը կարճում է գործի վարույթը»,- այսված է ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշման մեջ:
Կողմերն այս վճիռը չեն բողոքարկվել, և այն արդեն մտել է օրինական ուժի մեջ:
«Սա, փաստորեն, նշանակում է, որ քանի դեռ կա ՀՀ-ում գրանցված թեկուզ և չգործող «MCDONALD`S» ապրանքային նշան, աշխարհահռչակ այս նշանի օգտագործումը որևէ այլ ընկերության կողմից բացառվում է: Այսինքն, «MCDONALD`S» Հայաստանում դեռ չենք ունենա», – եզրակացնում է «Փաստինֆո»-ն։