Home / Տեսանյութեր / Կնոջը դանակի 21 հարված հասցրած տղամարդը աֆեկտի տակ չի եղել․ փորձագետ

Կնոջը դանակի 21 հարված հասցրած տղամարդը աֆեկտի տակ չի եղել․ փորձագետ

Երեկ Արարատի և Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է 35-ամյա Դիանա Նահապետյանի սպանության գործի քննությունը, որի ընթացքում հարցաքննվել է դատափորձագետը, ով հաստատել է՝ տուժողին առանձնակի դաժանությամբ՝ դանակի 21 հարվածով սպանած Վոլոդյա Մուրադյանը աֆեկտի տակ չի եղել։ Այս մասին ասված է «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Կողմերի հնչեցրած մի շարք հարցերից հետո դատարանը պարզել է, որ Վոլոդյա Մուրադյանը կոմուլյատիվ աֆեկտի տակ չի գտնվել, նա եղել է «հոգեկան բարձր հուզական վիճակում», սակայն հանցանքը կատարելիս ամբողջովին գիտակցությունից զրկված չի եղել: Այսինքն, մեղսունակ է և գիտակցելով է կատարել հանցանքը։

Տուժող կողմի իրավահաջորդի փաստաբան Արմեն Մանուկյանը ներկայացրել է գործով նաև քաղհայց՝ գումարի բռնագանձման պահանջով։ Դատարանը, սակայն, հայտարարել է, որ քաղհայցը գործին կցված չի եղել, և խնդրել է, որպեսզի կողմը քաղհայցը ներկայացնի հաջորդ նիստին, այսինքն՝ մինչև վճռի հրապարակումը։

Փաստաբան Արմեն Մանուկյանը Epress.am-ի հետ զրույցում վստահեցրել է, որ դեռևս ամիսներ առաջ ներկայացրել է քաղհայց, և կորցնելը վկայում է դատարանի անուշադրության մասին։

Նշենք, որ Վոլոդյա Մուրադյանին սպառնում է 8-15 տարի ազատազրկում:

«Ես բացահայտ դատարանում ասել եմ, որ հոդվածի որակումը սխալ է եղել, պետք է դրվեր ոչ թե քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մաս, այլ 104-ի մասի 5-րդ կետ` առանձին դաժանությամբ սպանություն՝ 12-20 տարի կամ ցմահ ազատազրկմամբ: Հոդվածը կփոխվի վերջում, հիմա նոր միջնորդություն է լինելու հոդվածը վերաորակելու, դա պարզ սպանություն չէ: Նա մոտ 20 հարված է հասցրել. ձեռքով, ոտքով, ձեռքի տակ եղած տարբեր իրերով, գլուխը, ծնոտը կոտրել է, կիսամեռ արել, հետո դանակով վերջացրել»,- ՀԿ-ի հետ զրույցում ասել է տուժողի մայրը՝ տիկին Վալյան։

Վոլոդյա Մուրադյանն ու Դիանա Նահապետյանն օրինական ամուսիններ չէին, բայց մոտ 8 տարի է՝ միասին էին ապրում. տիկին Վալյայի պատմելով` վեճերը նրանց մեջ անպակաս են եղել։

1diana-trial

Լուսանկարում՝ Դիանա Նահապետյանի մայրը

«Աղջկաս ասել էր` քեզ մի օր ավտոյով ծեփելու եմ պատին, սպանելու եմ. ահավոր խանդում էր, անիմաստ տեղը խանդում էր: Այ մարդ, կինդ վատն է, խանդում ես, թողնեիր գնայիր քո համար հանգիստ ապրեիր, ինչի՞ էրեխուս կյանքը խլեցիր: Ասում էի` այ բալա, դա քեզ ի՞նչ ամուսին, թող գնա դրա մոտից, ասում էր` չէ մամա, լավ ա լինելու, ուղղվելու ա»,- պատմել է տուժողի մայրը։ 

Լուսանկարները՝ «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի