Սերժ Սարգսյանի նկարով և «Կրիմինալ» գրությամբ պաստառը հունվարի 18-ին ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանից գողացած անձը ՀԱԿ-ի իրազեկման ակցիան խոչընդոտող երիտասարդներից մեկն է։ Այս մասին այսօր Еpress.am-ին պատմել է Մարգարյանը։
Նա նշել է, որ ճանաչել է երիտասարդին այն բանից հետո, երբ համացանցում տարածել են ՀԱԿ ակտիվիստների իրազեկումը խոչընդոտած ՀՀԿ-ական երիտասարդների նկարները։ Մարգարյանի խոսքով՝ այդ երիտասարդը Դանիել Հայրապետյանն է՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի վարժարանի փոխտնօրենը։
«Քանի որ ոստիկանություն ոչ մի դեպքում չէի դիմելու՝ անվստահությունից ելնելով, ուստի որոշել էի սպասել, որ մի օր «Սերժին» գողացած երիտասարդը կհայտնվեր ճանապարհիս։ Պարզվում է, որ ՀԱԿ-ի ակտիվիստների վրա հոխորտացող, իրեն փիղ երևակայող լակոտը շարքային վախկոտ, պլակատի գող է։ Սարսափելի է, որ իշխանությունների կողմից տարբեր տեսակի օգտագործման համար նախատեսված այս երիտասարդներին հող ու հայրենիք ենք վստահելու։ Սրանք արժանապատվություն չունեն՝ պատրաստ են ցանկացած ստորագույն արարքի, միայն թե իշխանություններին դուր գան», – ասել է մեր զրուցակիցը։
Ավելի վաղ մեր թղթակցի հետ զրույցում Մարգարյանն ասել էր, որ հունվարի 18-ին սադրիչների խումբն իրեն հետևել էր թե հանրահավաքի, թե երթի ընթացքում, սակայն ավելի ուշ, երբ ինքը պատրաստվել է տուն գնալ, երիտասարդներից մեկը հանկարծ մոտեցել, ձեռքից քաշել էր արդեն փակ վիճակում գտնվող պաստառը ու վազել դեպի մոտակայքում կագնած մեքենան։