«Դ!եմ եմ» նախաձեռնությունը Սերժ Սարգսյանի՝ փետրվարի 15-ին ԵԿՄ համագումարի ժամանակ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ խոսքերը որակում է որպես բացահայտ ճնշում ՀՀ սահմանադրական դատարանի վրա:
«Այսօրվա կառավարությունը որոշել է հենց այսօր այս խնդրին լուծում տալ, և ես իմ ամբողջական սատարումն եմ հայտնում այդ լուծմանը, որովհետև սա, իրոք, անհրաժեշտ լուծում է… որևէ մեծ խնդիր, նորից եմ ասում, ես այստեղ չեմ տեսնում, թեև գիտեմ, որ այսօր Հանրապետության բնակչության 80 տոկոսը դժգոհ է այդ որոշումից: Մենք, ներողություն բառիս համար, երկրապահական լեզվով ասեմ, հո ախմախ չե՞նք, որ այդ վատ բանի վրա ռեսուրս ծախսենք», – մասնավորապես, ասել է Սարգսյանը։
«Այն փաստը, որ նախագահի համար Սահմանադրական դատարանի վարույթում գտնվող օրենքը, որի որոշ հոդվածներ նույնիսկ կասեցված են, ընդամենը պարունակում է անհաջող ձևակերպումներ և դրանց փոփոխումը իմաստի փոփոխման չի բերելու, մենք գնահատում ենք որպես անարգանք Սահմանադրական դատարանի ինստիտուտի հանդեպ և ակնհայտ ճնշում Բարձրագույն դատարանի վրա:
Ժողովրդավար երկրներում երբեք չեն իրականացվում փոփոխություններ, այն էլ բարեփոխում անվան ներքո, որոնց դեմ է արտահայտվում բնակչության 80% -ը: Նախագահի խոսքից ակնհայտ է, որ մենք, փաստորեն, ժողովրդավար երկրում չենք ապրում», – նշված է նախաձեռնության տարածած հաայտարարության մեջ :
Հայտարարության հեղինակները նշում են նաև, որ ՀՀ կառավարությունն ու Սերժ Սարգսյանը, մեղմ ասած, արհամարհում են ժողովրդի մեծամասնության կարծիքն ու պարտադրում իշխող նեղ խմբակի որոշումները՝ մոռանալով, որ իշխանությունը ՀՀ-ում պատկանում է ժողովրդին:
«Կոչ ենք անում ՍԴ-ին չենթարկվել ճնշումներին և իր վերջնական ու պարտադրող որոշմամբ, անդավաճան մնալով իր կոչմանն ու առաքելությանը, վերահասատատել ժողովրդի իրական կամքը՝ ստիպելով կառավարությանը հարգել Սահմանադրությունը, ենթարկվել ժողովրդի կամքին ու չփորձել յուրացնել իշխանությունը», – ասված է հայտարարության մեջ: