Արագածոտնի մարզի Մելիք գյուղի բնակիչները ստորագրահավաք են անցկացրել, որով դեմ են արտահայտվել իրենց գյուղում երրորդ պոչամբարի շահագործման ծրագիրը կրկին շրջանառության մեջ դնելու փորձերին:
«Մեգա-գոլդ» ընկերության կողմից երրորդ պոչամբարի շահարգործման ծրագիրը մեկ անգամ արդեն մերժվել էր Բնապահպանության նախարարության կողմից, սակայն փետրվարի 10-ին պոչամբարը բացելու հարցը նորից քննարկվել է գյուղում:
Epress.am-ի հետ զրույցում բնապահպան Սիլվա Ադամյանը պատմել է, որ գյուղացիները տեղեկացված չեն եղել, որ հանրային լսումներ են անցկացվելու, ինչն ընթացակարգի խախտում է: Ադամյանի խոսքով՝ գյուղապետ Հակոբ Մկրտչյանը խախտել է նաև մեկ այլ կետ. խնդրի մասին ամեն հանրային լսումները պետք է անցկացվեն առնվազն 20 օր նախորդ լսումներից հետո, մինչդեռ Մելիք գյուղում լսումները տեղի են ունեցել փետրվարի 10-ին և 12-ին: Բնապահպաններին դիմավորող գյուղացիները հայտնել են նաև, որ պահանջում են, որ հանրային լսումներն անցկացվեն ոչ թե Երևանում, այլ իրենց գյուղում, քանի որ իրենք են ազդակիր համայնքը:
«Գյուղացիները մեզ դիմավորել են բողոքներով, նրանք ասում էին, որ երկու պոչամբարները արդեն անտանելի են դարձրել կյանքը գյուղում, վնասում են մեղուներին և բնությանը, բնապահպանությանը: Ուստի իրենք սկզբունքորեն դեմ են, որ երրորդ պոչամբարը շահագործվի»,- պատմել է Մելիք գյուղ այցելած Սիլվա Ադամյանը:
Նրա խոսքով՝ իրենք՝ բնապահպանները, ևս նամակով դիմելու են Բնապահպանության նախարարությանը, քանի որ երրորդ պոչամբարի շահագործումը թույլատրված չէ:
Բնապահպանն ասել է, որ «Մեգա-գոլդ» ընկերությունը նոր նախագծի անվան տակ ներկայացրել է այն նախագիծը, որը նախարարությունն արդեն մերժել էր:
Հիշեցնենք, որ, ըստ բնապահպանների, պոչամբարի շահագործումը անթույլատրելի է հետևյալ պատճառներով՝ ներկայացված պոչերի պարունակության մասին տվյալները չեն համապատասխանում հանքաքարի կազմին, տվյալներ չկան ծանր մետաղների և տոքսիկ տարրերի մասին, որոնք մնում են ոսկու կորզումից հետո: Գործող երկու պոչամբարներից առաջացած ջրի և հողի ֆոնային աղտոտման մասին գնահատական չկա: Այս աղտոտվածության մասին անուղղակիորեն կարելի է դատել հանրությանը ներկայացված ՀՀ ԳԱԱ-ի էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի կատարած վերլուծությունների արդյունքներից և Թուխմանուկի հանքավայրի հանքաքարի պարունակության մասին գիտական հոդվածներից: Տվյալներ չկան բնակչության առողջության վրա պոչամբարի հնարավոր ազդեցության մասին: Ինչպես երևում է Առողջապահության նախարարության պատասխանից, նախարարության մասնագետները գյուղում հետազոտություններ չեն կատարել և հիմնվել են բացառապես նախագծային փաստաթղթերի վրա, որոնք իրական իրավիճակը չեն արտացոլում: