հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Սառը ջրի տակ էր պահում, ծխախոտը վրան հանգցնում. կինը խոսել է դատարանում

Սառը ջրի տակ էր պահում, ծխախոտը վրան հանգցնում. կինը խոսել է դատարանում

«Ընտանիք ա, տուն ա, հա, մի անգամ խփել եմ։ Թշին»։ Այսօր Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նման հայտարարություն է արել կնոջը 9 տարի շարունակ ծեծելու, հոգեբանական և ֆիզիկական ցավ պատճառելու մեջ մեղադրվող 33-ամյա Սարգիս Հակոբյանը։  

Հակոբյանի դեմ հարուցված գործով սա առաջին դատական նիստն էր. մինչ այդ դատը 4 անգամ հետաձգվել էր: Այսօր դատական նիստը բավական երկար է տևել, հարցաքննվել են տուժողը՝ 27-ամյա Հասմիկ Խաչատրյանը, և նրա ծնողները, որոնք գործով որպես վկաներ են անցնում։ 

Հակոբյանի ծնողները, որոնք ևս դատակոչված են եղել որպես վկա, չէին ներկայացել։ Նրանց ընտանեկան բժշկի գրության համաձայն՝ Հակոբյանի մայրը, որը Գավառում հայտնի է որպես բախտագուշակ Վարսիկ, տառապում է սկլեռոզով։ Դատավորը, սակայն, հայտարարել է, որ եթե հաջորդ նիստին էլ վկաները չներկայանան, նրանց բերման կենթարկեն։

Նիստի մեկնարին նախագահող, Գեղարքունիքի մարզի դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանը, երբ պարզում էր կողմերի անձնական տվյալները, հարցրել է ամբաստանյալին նրա ամուսնական վիճակի մասին։ Վերջինս պատասխանել է. «Սենց էլի»՝ նկատի ունենալով, որ կինն իրեն դատի է տվել։ Հակոբյանը չի ընդունել առաջադրված մեղադրանքը և ասել, որ ընդամենը մի անգամ է խփել կնոջը։

Ցուցմունքները լսելուց առաջ դատարանը երկու միջնորդություն է քննել։ Դրանցից մեկը վերաբերել է Հակոբյանին կալանքի տակ առնելու տուժող կողմի  պահանջին:

Հասմիկ Խաչատրյանի փաստաբանը պնդել է, որ ամուսինը վտանգ է ներկայացնում, քանի որ բազմիցս սպառնալիքներ է հնչեցրել նրա հասցեին։ Դատարանը որոշել է այս միջնորդությունը քննել ապացույցների ուսումնասիրման փուլում։ 

Մեղադրյալի ներկայացուցիչ, հանրային պաշտպան Տիգրան Աբրահամյանն էլ միջնորդել է դատական նիստերն այսուհետ դռնփակ գումարել, քանի որ, ինչպես նա է ասել, դատավարությունը վերաբերում է մեղադրյալի անձնական կյանքի իրավունքին։ Աբրահամյանը  նշել է, որ քրեական գործը չէր հարուցվի, եթե ԶԼՄ-ները և կանանց իրավունքներով զբաղվող ՀԿ-ները չանդրադառնային գործին։

Դատարանն այս միջնորդությունը մերժել է։ Հիշեցնենք, որ նման միջնորդությունը ընդունվել էր ընտանեկան բռնության զոհ Մարիամ Գևորգյանի գործով, ով այսօր դահլիճում էր և սատարում էր Հասմիկ Խաչատրյանին։

Տուժող Հասմիկ Խաչատրյանը դատարանում վերահաստատել է նախաքննական ցուցմունքները՝ պնդելով, որ 9 տարի շարունակ ծեծի է ենթարկվել։ Կինն իր ցուցմունքում նաև ասել է, որ ամուսինը շատ խանդոտ էր։ Նա նշել է, որ Հակոբյանը թույլ չէր տալիս հարազատներին այցելել, խանդել է, երբ Գավառի համալսարանի ուսանողներին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ծաղիկներ է նվիրել մարտի 8-ին և մի փունջ էլ իրեն է տվել:

Ըստ տուժողի՝ ամուսինը թույլ չէր տվել, որպեսզի ինքը համալսարանն ավարտի՝ կապված իր հղիության հետ: «Էդ տեսքով ամոթ չի քեզ տեսնեն, ես կստանամ քո քննությունները», – ասել էր Հակոբյանը:

hasmik1

Դատարանում Խաչատրյանը մանրամասն պատմել է ծեծի երեք դեպքի մասին, որոնք տեղի  են ունեցել 2013 թվականի մայիսի 5-ին, նույն ամսվա վերջին և հունիսի 12-ին: Վերջին դեպքից հետո կինը փախել է ամուսնու տանից: Մայիսի 5-ին ամուսինը հարվածել է կնոջ գլխին, ականջին, պահել սառը և տաք ջրի տակ։ Մոտ մեկ շաբաթ, ըստ տուժողի ցուցմունքի, նա անկողնային վիճակում է եղել ու իրեն թույլ չեն տվել տեսակցել հորը վերջինիս ծննդյան օրը՝ մայիսի 12-ին։ Մայիսի վերջին ամուսինը կրկին հարբած է տուն եկել, հարցրել՝ արդյոք կինը գիտի, որ ինքը «լավ տղա է», և ծխախոտը հանգցրել է Հասմիկի ձեռքին։ Հունիսին էլ Հասմիկին ծեծել է ոչ միայն ձեռքերով ու ոտքերով, այլև աթոռով։

Խաչատրյանի ծնողները ևս ցուցմունքներ են տվել՝ հաստատելով, որ ընտանիքում վեճերը պարբերաբար են եղել, որ աղջիկը անընդհատ փախել-եկել է հայրական տուն, սակայն հետագայում միշտ միացել է ամուսնու հետ, քանի որ երեխաներ ուներ։  

Ընդմիջումների ժամանակ և նիստի ավարտից հետո Հակոբյանի ընկերները  և հարազատները վիրավորական արտահայտություններ են թույլ տվել Հասմիկ Խաչատրյանին պաշտպանելու եկած ՀԿ-ների և լրագրողների հասցեին։  Նրանցից մեկն ասել է՝ «սուտ են ասում, բայց քաղցր սուտ»՝ նկատի ունենալով տուժողին և նրա ծնողներին։

Հաջորդ  նիստը կկայանա մարտի 18-ին՝ ժամը՝ 12:00-ին։