«Նաիրիտ» գործարանի հարցով հանձնաժողով ստեղծելու մասին քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանը մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի առաջին իշխանությունների հասցեին:
Նրա խոսքով՝ «Նաիրիտը» փակվել է հենց առաջին իշխանությունների օրոք, և հենց 90-ականներին զանգվածաբար կողոպուտ է սկսվել:
«Բայց ելույթս դրա մասին չէ, այլ այն մասին է, որ կա «Ռոսնեֆտ», որը հետաքրքրություն է դրսևորում «Նաիրիտի» նկատմամբ, որը պատրաստ է 500 միլիոն դոլարի ներդրում անել: Մենք մտնում ենք Մաքսային միություն, նման մեծ ներդրում ենք ունենալու: Հիմա դա փոզմիշ ենք անում մեր այս հռետորաբանությամբ»,- ասել է Արտաշես Գեղամյանը՝ հորդորելով ««Նաիրիտի» մութ պատմությունները բացահայտելու համար» հանձնաժողով չստեղծել:
Գեղամյանի մեղադրանքներին պատասխանել է ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը: Նախկին վարչապետը պարզաբանել է, որ «Նաիրիտը» փակվել է, քանի որ պատերազմի տարիներին փակվել էր Սումգայիթի ճանապարհը՝ հենց պատերազմի պատճառով: Բագրատյանն ասել է, որ ինքը հանդիպել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին և բարձրացրել ատոմակայանի, «Նաիրիտի», օդային հակազդեցության ուղիներ բացելու հարցը:
«Հենց այդ իշխանությունը, այո, վերագործարկել է «Նաիրիտը»»,- ասել է Բագրատյանը:
Նշենք, որ «Նաիրիտի» հարցով հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ հանդես է եկել ՀՅԴ խմբակցությունը՝ առաջարկելով քննել, թե ինչու չեն վճարում աշխատողների աշխատավարձերը, ինչպես են կուտակվել ընկերության պարտքերը, ինչպիսինն է եղել կառավարման արդյունավետությունը և ֆինանսատնտեսական գործունեությունը։