ԱԺ-ում Մարտի մեկի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու քննարկումներին Վարդան Օսկանյանը հրաժարվել է ելույթով հանդես գալ: Այս մասին հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Ընդմիջումից հետո նիստը պետք է վերսկսվեր Օսկանյանի ելույթով, սակայն նա այդ պահին դուրս է գնացել դահլիճից: Նիստը նախագահող Էդուարդ Շարմազանովը խոսքի իրավունքը փոխանցել է հաջորդ հերթագրված պատգամավոր Սամվել Նիկոյանին: Քանի որ պատգամավորները տեղից հայտնել են, որ հերթը Օսկանյանինն է, Շարմազանովը հայտարարել է, որ Օսկանյանը հրաժարվում է ելույթից:
Այսօրվա նիստին ԱԺ ամբիոնից ելույթ ունենալով՝ Ալեքսանդր Արզումանյանը մեղադրանքներ էր հնչեցրել Օսկանյանի հասցեին: Նա ասել էր, որ 2008 թվականին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարել էր, որ ցուցարարներն են կրակել ոստիկանության վրա: Արզումանյանն նշել է, որ այժմ Մարտի մեկի բացահայտումից խոսում են նրանք, ովքեր մասնակցել են այդ գործի պարտակմանը:
Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ին, երբ վաղ առավոտյան ուժայինները Ազատության հրապարակում ցրեցին ընդդիմության հանրահավաքը, Վարդան Օսկանյանը դարձավ այն պաշտոնյան, ով մամուլի ասուլիսով հանդես եկավ` խոսելով իշխանությունների դիրքորոշման մասին:
2011 թվականի փետրվարին նա բացատրել է իր քայլի դրդապատճառները` նշելով, որ ներողություն չի խնդրի, քանի որ մարտի 1-ի համար իրեն մեղավոր չի համարում:
«Նման իրավիճակում լռությունն ամենավտանգավոր բանն է, և պետք է գտնվեր մեկը, որ կարողանար խոսել ժողովրդի հետ: Ես կոչ եմ արել ընդդիմությանը երկխոսության: Այնպես որ, ես այդ իրադարձությունների կանխարգելման փորձ արած անհատ եմ», – ասել էր Օսկանյանը:
Իր ասուլիսի ժամանակ, նա մասնավորապես, հայտարարել էր, որ «գնդակը Լևոն Տեր-Պետրոսյանի» դաշտում է և «9 թեկնածուներից միայն ինքն է, որ ձեռք չի մեկնում» Սերժ Սարգսյանի համագործակցության կոչից հետո։