Ուկրաինայի չորրորդ նախագահ Վիկտոր Յանուկովիչը Գերագույն ռադայի կողմից ընդունված որոշումներն անօրինական է համարում։ «Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ այս մասին ասված է Յանուկովիչի կողմից գործակալությանն ուղարկված հայտարարության մեջ։
«Ցավոք, այն, ինչ այսօր տեղի է ունենում Ուկրաինայի Գերագույն ռադայում, օրինական բնույթ չունի»,- նշել է Ուկրաինայի նախագահը։
Նրա խոսքով՝ ներկա դրությամբ խորհրդարանում որոշումներն ընդունվում են առանց «Ռեգիոնների կուսակցության» ու մի շարք այլ խմբակցությունների անդամների մասնակցության, քանի որ պատգամավորները վախենում են իրենց կյանքի համար, իսկ ոմանք էլ ֆիզիկական բռնության են ենթարկվել ու ստիպված եղել ապօրինի կերպով լքել Ուկրաինայի տարածքը։
Յանուկովիչը, ով վերջին իրադարձություններից հետո պաշտոնանկ էր արվել ընդդիմության կողմից, Ռուսաստանի իշխանություններին խնդրել է ապահովել իր անձնական անվտանգությունը։
«Իմ ու իմ կողմնակիցների հասցեին սպառնալիքներ են հնչում։ Ստիպված եմ ՌԴ իշխանություններին խնդրել պաշտպանել իմ անձնական անվտանգությունը ծայրահեղականների գործողություններից»,- ասված է հայտարարության մեջ։
Յանուկովիչը նաև դիմել է Ուկրաինայի քաղաքացիներին՝ նշելով, որ նախկինի պես իրեն համարում է պետության օրինական ճանապարհով ընտրված նախագահ։
«Ինտերֆաքսը» հայտնում է, որ Ռուսաստանի իշխանություններն արդեն բավարարել են Վիկտոր Յանուկովիչի խնդրանքը՝ նշելով, որ նրա անվտանգությունը կապահովեն Ռուսաստանի տարածքում։