Home / Հայաստան / «Խաչիկյանի գործով» դատավորը ինքնաբացարկ է հայտնել, քանի որ մեղադրյալի հետ լավ հարաբերություններ ունի

«Խաչիկյանի գործով» դատավորը ինքնաբացարկ է հայտնել, քանի որ մեղադրյալի հետ լավ հարաբերություններ ունի

«Վազգեն Խաչիկյանի (լուսանկարում) և մյուսների» գործով այսօրվա դատական նիստում Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը հայտարարել է, թե Վազգեն Խաչիկյանի հետ համակուրսեցիներ են եղել և սովորել ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում, հայտնում է «Փաստինֆո» գործակալությունը։

Ըստ Մակյանի՝ Խաչիկյանը եղել է իրենց կուրսի ավագը։ Ավելին՝ նրանց շփումները շարունակվել են նաև ուսանողական տարիներից հետո։

Թե ինչու դատավորը միայն այսօր հիշեց այդ մասին՝ մի քանի նիստի ձգձգումներից հետո, այդպես էլ պարզ չդարձավ, սակայն մեղադրող դատախազ Հովհաննես Ենոքյանը հայտարարեց, որ նման պայմաններում դատավորը պետք է ինքնաբացարկ հայտնի, հայտնում է գործակալությունը։

Պաշտպանական կողմի դիրքորոշումը տարբեր էր. մի մասը թողեց դատարանի հայեցողությանը, իսկ մյուսն էլ՝ միջնորդեց փոխել իրենց պաշտպանյալների խափանման միջոցը։ Դատարանը ամբաստանյալների խափանման միջոցը փոխելու միջնորդությունը քննարկման առարկա չդարձրեց և հեռացավ խորհրդակցական սենյակ՝ ինքնաբացարկի հարցը որոշելու համար, որտեղից վերադառնալուց հետո Մակյանը հայտարարեց, որ ինքնաբացարկի որոշում է ընդունել, քանի որ իր և Խաչիկյանի հարաբերությունները կարող են ազդել գործի ելքի վրա։

Հիշեցնենք, որ ԱԺ նախկին պատգամավոր, Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանին դեմ քրեական գործ էր հարուցվել այն բանից հետո, երբ պարզվել էր, որ նա հազարավոր «մեռյալ հոգիների»՝ գոյություն չունեցող, բայց փաստաթղթերում առկա և փաստացի թոշակ ստացող մարդկանց գումարներն է յուրացրել: