Վերաքննիչ դատարանն այսօր մերժել է փոխել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Վարդան Պետրոսյանի ձերբակալման որոշումը: Այս մասին News.am-ին հայտնել է դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
Ձերբակալման որոշման վերաբերյալ դիմումը մերժելիս Վերաքննիչ դատարանը հիմնավորում չի ներկայացրել, բայց, Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով, դատական նիստին ժամանակ աբսուրդ փաստարկներ էին ներկայացնում, թե հիվանդանոցից դուրս գրվելուց հետո նա պետք է գնար և ապրեր Եղվարդի իր տանը:
Փաստաբանի փոխանցմամբ՝ ի տարբերություն Կոտայքի մարզի առաջին ընդհանուր իրավասության դատարանի, Վերաքննիչ դատարանը նիստը անց է կացրել դռնբաց: Նա միջնորդություն է ներկայացրել դատարանին՝ խնդրելով պահանջել Վարդան Պետրոսյանի գործի վերաբերյալ նյութերը, որպեսզի օբյեկտիվ պատկեր ունենա՝ արդյոք ձերբակալման որոշումը օրինական է եղել, թե ոչ: Սակայն դատարանը մերժել է՝ պատճառաբանելով, թե կբավարարվի իր մոտ եղած նյութերով:
Նիկոլայ Բաղդասարյանը պատրաստվում է Վճռաբեկ դատարան բողոք ներկայացնել, իսկ այն վարույթ չընդունվելու դեպքում կդիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Հիշեցնենք, որ Վարդան Պետրոսյանին մեղադրանք էր առաջադրվել հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած ավտովթարի համար՝ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով (ավտոմեքենա վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ): Վարդան Պետրոսյանի վարած «ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենան Եղվարդ-Երևան ճանապարհին բախվել էր նույն ուղղությամբ ընթացող «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենային, որի վարորդը և 5 ուղևորները ստացել էին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Նրանցից երկուսը մահացել էին: