«Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը Երևանի քաղաքապետ Տարոն մարգարյանւին առաջարկում է հեռարձակել գործակարգավորական խորհրդակցությունները։ Ըստ Բախշյանի՝ դրանց ժամանակ տարբեր բովանդակությամբ և համարակալված հսկողականների մասին տարբեր պաշտոնյաներ, որպես կանոն, զեկուցում են այն մասին, որ իրենք շատ լավ են աշխատել ու թվեր են ասում, որոնք կասկածի տակ չեն դրվում:
Անահիտ Բախշյանի հայտարարության մեջ ասված է․
«Սույն թվականի մարտի 3-ի աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետն արեց մի քանի ուշագրավ հայտարարություն, որոնց վրա հրավիրում եմ երևանցիների ուշադրությունը: Քաղաքապետը հանձնարարեց գտնել ու վարչական տույժի ենթարկել բոլոր այն քաղաքացիներին, ովքեր հող են սեփականացրել, բայց այդ տարածքներին տիրություն չեն անում ու դրանք աղբանոցի են վերածվում: Այնուհետև, որպես խրոնիկ չլուծված խնդիրներ, անդրադարձավ Սևան հյուրանոցին և նմանատիպ մի շարք այլ օբյեկտների ու ասաց. «հո չե՞նք սպասելու, թե իրենք երբ գումար կունենան շինարարությունը սկսելու և ավարտելու համար, պետք է լուրջ քայլեր ձեռնարկել, որպեսզի այս խրոնիկ չլուծված խնդիրները լուծել»: Հանձնարարեց գտնել այս խնդրի լուծման տարբերակները: Նստած լսում էի ու անմիջապես աչքիս առաջ եկան մանկապարտեզների այն բազմաթիվ շենքերը, որոնք օտարվել են, սեփականաշնորհվել են ու այսօր լինելով փակի տակ, քայքայվում ու ավիրվում են: Լիովին համաձայն կլինեմ քաղաքապետի հետ, եթե նույն տրամաբանությամբ սեփականատերերին վարչական տույժի ենթարկեն կամ պահանջեն վերադարձնել հատկապես Նոր Նորք, Քանաքեռ Զեյթուն, Շենգավիթ, Կենտրոն վարչական շրջաններում սեփականաշնորհված այդ շենքերը:
Քաղաքապետի առաջին տեղակալ պարոն Արեյանի զեկուցմամբ, նախորդ տարի ասֆալտապատված որոշ փողոցների ասֆալտն արդեն քանդվել ու փոսեր են առաջացել ու առաջարկեց ասֆալտապատող ընկերությունների հետ վերանայել պայմանագրերը, որովհետև ասֆալտը շատ տեղերում անորակ է եղել և չի դիմակայել ձյանն ու անձրևին: Այս պարագայում քաղաքապետը հանձնարարեց, որ 2014 թվականին նախատեսված ասֆալտապատման աշխատանքները չեն սկսվի, մինչև չվերանայվեն այդ կապալառուների աշխատանքներում եղած թերություններն ու չլցվեն փոսերը: Այստեղ արժե հիշեցնել վերոնշյալ պաշտոնյաներին, որ ասֆալտապատման գործընթացը համարվում է ավարտված և աշխատանքի համար քաղաքապետարանը գումարը փոխանցում է, եթե որակի գնահատման համար մրցույթը շահած պատասխանատու ընկերությունը ստորագրում է ավարտական ակտերը, ուրեմն շատ հետաքրքիր է իմանալ, թե ո՞ր ընկերությունն է ստորագրել այդ փողոցների ասֆալտապատման վերջնական ակտերը:
Զեկուցվում է նաև այն մասին, որ քանդել են այսքան ինքնակամ շինություն, այսինչ վարչական շրջանում: Անմիջապես հարց է ծագում, ապա ինչու չեն քանդվում, չեն վերացվում երևի 3 տարի առաջ փլուզված, Օղակաձև զբոսայգու Գնունի-Խանջյան անկյունի ապօրինի շինարարության հետքերը վառ պահող սյուները, որպեսզի այդ տարածքի Բարդիների պուրակն ազատագրվի կամ բազմաթիվ նման ապօրինի կառույցներ:
Զեկուցվեց նաև մանկապարտեզների սննդի որակին հետևող հանձնախմբի ուսումնասիրության մասին և ասվեց, որ շրջայցի ժամանակ արդեն ստուգել են քաղաքի բոլոր մանկապարտեզների սնունդն ու ամեն ինչ նորմալ է: Քաղաքապետը նախ զգուշացրեց, որ իսկապես չի կարելի ամեն օր մանկապարտեզներին նեղություն տալ, բայց մյուս կողմից հարց բարձրացրեց, որն իմ քեֆը բերեց. «էդ ի՞նչ եղավ, որ 10 օր հետո արդեն ամեն ինչ նորմալ է, լավ հոտ չեմ առնում, շատ խիստ հսկողության տակ պահել»: Իհարկե կրկին ասեց, որ երեխաներին անորակ սնունդ մատակարարող կազմակերպությունների հետ անմիջապես կխզեն պայմանագրերը:
Համարյա յուրաքանչյուր գործակարգավարական խորհրդակցությունների ժամանակ խոսվում է նաև կանաչ տարածքների, այգիների մակերեսները ընդլայնելու մասին և համապատասխան պաշտոնյաները զեկուցում են, թե ինչպիսի աշխատանքներ են արել: Իսկապես գնահատելով այս ուղղությամբ տարվող որոշակի գործունեությունը, քաղաքապետի առջև բարձրացնում եմ հետևյալ հրատապ հարցերը. Ինչո՞ւ քաղաքապետարանը չի ուզում Սունդուկյան փողոցի 90-րդ շենքի քաղաքացիների արդեն ստեղծած կանաչ տարածքը բարեկարգեյ, այլ ընդհակառակը` ուզում է վերացնել և ո՞ւմ շահերից է դա բխում և երկրորդը` Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների այգու մոտավորապես 300 քմ կանաչ տարածքի վրա եղած 16 հաստաբուն ծառերը ձմեռվա կեսին, գաղտագողի հատվել են, ջրագծերը վերացվել և ի՞նչ են պատրաստվում անել այդ տարածքում:
Մարտի 3-ի գործակարգավարականից հետո, որտեղ փակ դռների ետևում խոսվում են քաղաքի բազմաթիվ խնդիրների մասին ու չգիտես, թե զեկուցողների ասածները որքանո՞վ են համապատասխանում իրականությանը, մտածում եմ, թե որքան ճիշտ կանի քաղաքապետը, եթե օնլայն հեռարձակվեն այս խորհրդակցություններն այնպես, ինչպես լրագրողների համար հեռարձակվում են ՀՀ կառավարության նիստերն ու քաղաքացիները հետևելով դրանց` արձագանքեն, որոնք կօգնեն քաղաքապետ պարոն Մարգարյանին լինել ավելի ստույգ իրազեկված»: