Հայաստանի հեռուստատեսային գովազդային շուկայից պատկերացում ունեցող ցանկացածը կարող է ասել, որ այն 1 միլիարդը, որն ակնկալվում է ստանալ «Գովազդի մասին» օրենքի փոփոխությունից, բաշխվելու է հետևյալ կերպ՝ առյուծի բաժինը՝ «Արմենիա» հեռուստաընկերությանը և դրա արբանյակ հեռուստաընկերություններին, հաջորդ փայատերը Հանրային հեռուստաընկերությունն էր և երրորդ փայատերը՝ «Շանթ» հեռուստաընկերությունը։ Մնացածները այդ գումարից կտոր ստանալու էական պոտենցիալ չունեն։ Այս մասին այսօր ԱԺ-ում «Գովազդի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ Օրենքի նախագծով առաջարկվում է հնարավորություն տալ երեկոյան ժամը 22:00-ից մինչև առավոտյան 06:00-ը ցուցադրել թունդ ալկոհոլային խմիչքների (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) գովազդ:
«Ի՞նչ է ստացվում․ ստացվում է, որ հիմա էս օրենքով մենք Հ1-ին գովազդային շուկայից հանում ենք, Հ1-ին զրկում ենք էդ 1 միլիարդից օգտվելու հնարավորությունից։ Ստացվում է՝ գովազդային գումարների 1 միլիարդը բաշխվելու է 90 տոկոսով «Արմենիա» և «Շանթ» հեռուստաընկերությունների միջև, և տարեկան մոտավորապես 690 միլիոն դրամը, որ այսօր մտնում է Հանրային հեռուստաընկերություն գովազգի տեսքով, նույն սկզբունքով բաշխվելու է «Արմենիա» հեռուստաընկերության ու նրա արբանյակների ու «Շանթ» հեռուստաընկերության միջև», – ասել է Փաշինյանը։
Պատգամավորը հիշեցրել է, որ «Արմենիա» հեռուստաընկերությունն իր արբանյակ հեռուստաընկերությունների հետ, մասնավորապես՝ «Լայմ», «Atv», «Արմնյուզ», պատկանում է նույն մարդուն՝ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին։
«Եթե հետևենք վերջին տարվա մամուլի հրապարակումներին, կտեսնենք, որ Մինասյանը փայ ունի նաև «Շանթ» հեռուստաընկերությունում։ Ահա և ձեր հարցի պատասխանը։ Ընդ որում, դա շատ կարևոր քաղաքական հարց է։ Երբ որ ասում էինք 1,5 միլիարդ՝ էդ 1,5-ը պաշտոնական թիվ է։ Ոչ պաշտոնական թվերով, այդ թիվը առնվազն երեք անգամ ավել է։ Այո, այստեղ դավադրություն կա, որի թիրախը դե յուրե ՀՀ-ին պատկանող Հանրային հեռուստաընկերությունն է։ Վերջին տարիներին հետևողականորեն ամեն ինչ արվում է Հանրային հեռուստաընկերությանը հանրային տեղեկատվության առանցքային խողովակի կարգավիճակից զրկելու համար։ Վերջին տարիներին Հանրային հեռուստաընկերության սիրված աստղերը, սիրված հաղորդումները, Չեմպիոնների լիգան գնում են «Արմենիա» հեռուստաընկերություն։ Կասեք, որ մրցակցություն է։ Իրականում, մրցակցություն չէ, որովհետև դեռ պետք է նայել մեթոդներին, պետք է տեսնել սրա նպատակները։ Ինչո՞ւ է արվում այս ամենը։ Ինչո՞ւ է պետք Հ1-ը այսպես նսեմացնել։ Որովհետև ընտրությունների ընթացքում, և ընդհանրապես, հանրային քաղաքական կյանքում Հանրային հեռուստաընկերությունը ունի կոնկրետ գործառույթներ։ Ընտրությունների ժամանակ նա պարտավոր է այս իշխանության հակառակորդներին տրամադրել գովազդային րոպեներ, և ամեն անգամ ամեն ինչ արվում է, որպեսզի նախընտրական քարոզչության րոպեները տանեն փակցնեն ինչ-որ հաղորդումների՝ փրայմ-թայմ չհանդիսացող ժամերին, որպեսզի հանրությունը, մասնավորապես, ընդդիմության հետ էդ կոմունիկացիայից օգտվելու ռեալ հնարավորություն չունենա», – ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ դրա փոխարեն փորձ է արվում Սերժ Սարգսյանի ընտանիքի ձեռքում կենտրոնացնել հանրային կոմունիկացիայի հիմնական խողովակները։
«Հանրային հեռուստաընկերությունը մաս-մաս կազմաքանդում են, որ Հանրային հեռուստաընկերության ղեկավարությունը որևէ կերպ չընդդիմանա, ասի «կողմ եմ, ամեն ինչ լավա»։ Էս օրենքի նախագծին դեմ եմ քվեարկելու ոչ միայն նշված, այլև այն պատճառով, որ սա օլիգարխիկ կլանային համակարգը ուժեղացնող օրենքի նախագիծ է։ Այսօր Հայաստանում կան մարդիկ, ովքեր մտածում են՝ ինչ է պետք ՀՀ-ին։ Նրանք մտածում են, որ ՀՀ-ին պետք է, որ տգետ, հաստավիզ, բռի օլիգարխներին փոխարինեն բարակ վզերով, բարակ գալուստուկներով, օքսֆորդներում կրթություն ստացած օլիգարխները։ Նրանք մտածում են՝ դա լուրջ կառուցվածքային փոփոխություն է՝ մեծ գլխով օլիգարխին փոխարինել փոքր գլխով օլիգարխով։ Բայց ես ուզում եմ ասել, տիկնայք և պարոնայք, որ օլիգարխը օլիգարխ է՝ անկախ նրա գալստուկը հաստ է, թե բարակ, անկախ նրանից՝ նա Օքսֆորդում է կրթություն ստացել, թե դիպլոմը գնել է մետրոյի անցումից։ Ընդ որում, ոչ թե Օքսֆորդի դիպլոմը, այլ, ասենք, Ռոստովի պոլիտեխնիկ ինստիտուտի», – եզրափակել է Փաշինյանը։