2011 թվականից Ուկրաինայի իշխանությունների կողմից սպանության մեղադրանքով կալանավորված և 2013 թվականի նոյեմբերին ցմահ ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Մերաբ Ալոյանը (Սուսլով) տեղափոխվել է Բերդիչևյան ՔԿՀ, որտեղ անցկացնելու է բանտարկության մնացած տարիները։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Հելսինկյան ասոցիացիայի» նախագահ Միքայել Դանիելյանը։
«Խոշտանգումների դեմ Եվրոպական կոմիտեն ընդունել է այն փաստը, որ Ուկրաինայի բանտերում գտնվելը հավասարազոր է խոշտանգումների։ Եթե համարենք, որ Մերաբը առողջական լուրջ պրոբլեմներ ունի, նաև ճնշումների է ենթարկվում վարչակազմի կողմից, մեր իշխանությունները, հասկանալով Ուկրաինայի ներկայիս իրավիճակը, պարտավոր են անել ամեն ինչ՝ իրենց քաղաքացու հետագա ճակատագրով լրջորեն զբաղվելու ուղղությամբ։ Ձևերը շատ են, ու դրանցից մեկն էլ այն է, որ գոնե ամիսը մի անգամ կարող են այցելել բանտ, հանդիպել Մերաբին, հետաքրքրվել նրա վիճակով», – նշել է իրավապաշտպանը։
Դանիելյանն ասել է, թե կասկածում է, որ Ուկրաինայում փոփոխություններն այն աստիճանի կհասնեն, որ այդ համակարգ կգան բոլորովին այլ մարդիկ, ովքեր կսկսեն այլ ձևով մտածել։
Հանդիպման մասնակից Ռոման Ալոյանը՝ Մերաբ Ալոյանի որդին, հայտարարել է, որ արդեն 4-րդ տարին է, ինչ ինքը չի տեսնվել հոր հետ, քանի որ իրեն արգելել են մուտք գործել Ուկրաինա։
«Պատճառաբանում են, թե ես վտանգ եմ ներկայացնում նշված պետության համար ու մինչև իսկ հանձնուքն ենք դժվարությամբ փոխանցում։ Հորս բիզնեսի 25 տոկոսը ինձ է պատկանում, սակայն զբաղվելու իրավունքից զրկել են։ Դատական պրոցեսի ընթացքում Կիևում գտնվող տատս ու պապս ծեծի են ենթարկվել Արթուր Ալոյանի կողմից, ինչի հետևանքով կոտրվել է տատիս ոտքը, պապիս բոլոր ատամները։ Մենք դիմել ենք հայաստանյան բոլոր իրավաբանական ատյաններին, որպեսզի իրենք սկսեն գործել, քանի որ հորս կյանքը մազից է կախված՝ պարբերաբար ծեծի ու թունավորման փորձեր են արվում։ Իրավիճակից ելնելով՝ դիմեցինք ՀՀ դեսպանատուն, որպեսզի միջոցներ ձեռնարկեն, նրանք էլ դիմել էին ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատուն և միայն 2 տարի հետո պատասխան ստացանք, որ ամեն ինչ նորմալ է », – ասել է Ալոյանը։
Դանիելյանը նշել է, որ նույն խնդրով իրենք դիմել են ՀՀ Արտգործնախարարություն, նախագահին, Մարդու իրավունքների պաշտպանին, դատախազություն, սակայն բոլոր դիմումները մնացել են անպատասխան։
«Մեր իշխանության անողնաշարությունը երևում է ամեն տեղ, այդ թվում՝ այստեղ։ Եթե իշխանությունը չի մտածում իր քաղաքացու մասին՝ ուրեմն այդ իշխանությունը վատն է։ Ես չեմ զարմանա, եթե իմանամ, որ ՀՀ իշխանության որոշ օղակներ կապնված են Մերաբի բիզնեսը խլելու գործընացին», – եզրափակել է իրավապաշտպանը։
Ալոյանի իրավաբան Արա Ղազարյանն ընդգծել է, թե գործի վերաբացվելու հույսեր կան, քանի որ այս պահին փախուստի մեջ են Գլխավոր դատախազը, դատավորը և հիմնական զեղծարար քննիչը։
«Այս դեպքում ՀՀ-ն որևէ կերպ գործի վրա ազդել չի կարող, իսկ գործի վերաբացում տեղի չունենալու դեպքում Հայաստանը կարող է դիմել արտահանձնել Մերաբին ՝ պատիժը հայրենիքում կրելու պահաջով։ Վերջնական որոշումը կայացնելու է Ուկրաինայի իշխանությունը»,- ասել է իրավաբանը։