«Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը շատ արդյունավետ է համարել ՀԱԿ-ԲՀԿ հանդիպումը, քանի որ շատ կարևոր հարցերում երկու կողմերը համաձայնության են եկել։ Այս մասին Զուրաբյանն ասել է լրագրողների հետ զրույցում։
Նրա խոսքով ՝ ակնհայտ է, որ հանդիպումը հետագա արդյունավետ խորացման սկիզբ է դառնալու։
«Դուք գիտեք, որ երկու քաղաքական ուժն էլ արտահայտվել են քաղաքական գործընթացների հեռանկարների շուրջ՝ ինչպես են տեսնում ժողովրդրի խնդիրների լուծման հնարավորությունները։ ԲՀԿ-ն դա արել է իր համագումարում, ՀԱԿ-ը՝ Մարտի 1-ի հանրահավաքին, ու երկու ուժերն էլ խոսեցին կոնսոլիդացիայի անհրաժեշտության մասին։ Բնականաբար, այդ օրակարգի շուրջ մենք այսօր ունեցանք խոսակցություն, և ինչ որոշում էլ որ ընդունվում է, ընդունվում է 4 քաղաքական ուժի ձևաչափով՝ երկկողմանի կոնտակտները ուղղակի օժանդակ նշանակություն ունեն և օգնում են գործընթացը առաջ տանել», – ասել է ՀԱԿ փոխնախագահը։
Նա նշել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է ամեն ինչ՝ որտեղ է գտնվում երկիրը, ուր է շարժվելու և ինչպես են տեսնում խնդիրների լուծումը։
«Մենք մեր տեսակետը չենք թաքցրել՝ երկիրը գտնվում է խորը ճգնաժամի մեջ, և միակ լուծումը Սերժ Սարգսյանի ռեժիմի հեռացումն է, ինչպես նաև երկրում արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների անցկացումը, ինչի արդյունքում էլ պետք է ձևավորվի լեգիտիմ իշխանություն, որը կլինի հաշվետու ժողովրդի առաջ», – ասել է Զուրաբյանը։
Թե ՀԱԿ-ի հեռահար ծրագիրը որքանով կհամընկնի ԲՀԿ-ի կողմից առաջարկվող լուծումներին, Զուրաբյանի խոսքով՝ «ցույց կտա ժամանակը, առաջին քայլերի շուրջ կա փոխըմբռնում»։