Թուրքիայում երեկ տեղի ունեցած զանգվածային բողոքի ցույցերի ժամանակ առնվազն երկու մարդ է մահացել։ Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով տեղական ԶԼՄ-ներին։
Մի քանի քաղաքներում ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար հատուկ միջոցներ է կիրառել։ Ստամբուլում բախումների հետևանքով ցուցարարներից մեկը գլխի վնասվածք է ստացել ու մահացել, մինչդեռ երկրի արևելյան հատվածի քաղաքներից մեկում ցույցի ժամանակ կաթվածահար է եղել ու մահացել մի ոստիկան։
«Հյուրիեթի» փոխանցմամբ՝ առնվազն երեք մարդ վնասվածք է ստացել, ավելի քան 70 ցուցարարներ ձերբակալվել են։
Չորեքշաբթի երկրի մի շարք քաղաքներում կազմակերպված հակակառավարական ցույցերը կապված էին ամռանը Ստամբուլում անցկացված զանգվածային բողոքի ցույցերի զոհի՝ 15-ամյա Բերքին Էլվանի հետ։ 15-ամյա Էլվանը ցույցերի ժամանակ գլխին գազային նռնակի հարված էր ստացել, 9 ամիս գտնվել կոմայի մեջ ու մահացել այս տարվա մարտի 11-ին։
Հիշեցնենք, որ Գեզի այգու համար ցույցերը սկսվել էին հունիսի սկզբին, երբ տասնյակ հազարավոր ցուցարարներ փողոցներ էին դուրս եկել՝ իշխանություններից պահանջելով չքանդել այգին: Ոստիկանների և ցուցարարների միջև ավելի քան 2 շաբաթ տևած բախումների հետևանքով 5 մարդ մահացել է։