Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամուլի ասուլիսին ասել է, որ չի կարող մեկնաբանել Հայաստանի և Ռուսաստանի նախագահների երեկվա զրույցը:
«Մենք տեղյակ ենք այդ մասին և տեղեկացրել ենք Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությանը»,- ասել է Իվան Կուխտան:
Նրա խոսքով՝ Ուկրաինան չի ընդունում Ղրիմի հանրաքվեն և դրա արդյունքները, քանի որ այդ գործընթացը խախտում է Ուկրաինայի սահմանադրությունը. «Եթե հաշվի առնենք, որ միջազգային դիտորդներ չեն հետևել հանրաքվեին, կարելի է ենթադրել, որ թղթի վրա ցանկացած արդյունք կարող էր ամրագրվել»:
Դեսպանը նաև նշել է, որ Ուկրաինան խաղաղասեր երկիր է և առաջիկայում ռազմական գործողություններ Ղրիմի նկատմամբ չի պլանավորում: Փոխարենը Ուկրաինան պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Ռուսաստանի Դաշնության և Ղրիմի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Ինքնավար Հանրապետության լիազորությունների ընդլայնման, ինչպես նաև ռուս փոքրամասնության իրավունքների ապահովման հարցը:
Անդրադառնալով ԱՊՀ-ից դուրս գալու Ուկրաինայի որոշմանը՝ դեսպանն ասել է. «ԱՊՀ երկրների ԱԳՆ ղեկավարներն այնքան զբաղված են, որ մինչև հիմա դեռ ժամանակ չեն գտել հավաքվելու և քննարկելու Ուկրաինայում ստեղծված իրավիճակը: Կազմակերպությունը, որտեղ հավաքվում են միայն սուրճ և թեյ խմելու համար, որևէ մեկին պետք չէ»:
Նա նաև հայտարարել է, որ Ուկրաինայում քննարկվում է Ռուսաստանի Դաշնության հետ վիզային ռեժիմի անցնելու հնարավորությունը: Սակայն Հայաստանի և Ուկրաինայի միջև կպահպանվի առանց մուտքի արտոնագրի ռեժիմը, որը գործում է ներկայում:
Խոսելով ուկրաինական դեպքերի առնչությամբ Հայաստանի արձագանքից՝ դեսպանն ասել է, որ ամեն երկիր ունի իր դիրքորոշման իրավունքը, և Ուկրաինան ընդունում է դա:
Իսկ հայ-ուկրաինական հարաբերությունները, ըստ Կուխտայի, բոլոր առումներով լավ մակարդակում են գտնվում և հետագայում էլ շարունակելու են զարգանալ. երկու երկրների հարաբերությունները կարգավորող 70-ից ավելի փաստաթղեր կան:
Խոսելով Ղարաբաղի հարցում Ուկրաինայի դիրքորոշումից՝ Կուխտան նշել է, որ իրենք պաշտպանում են տվյալ հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի մոտեցումները: Իսկ առանձին անհատների հայտարարությունները, նրա խոսքով, չեն արտացոլում պաշտոնական Կիևի դիրքորոշումը:
Կուխտան խոսել է նաև Ուկրաինայում ազգային փոքրամասնությունների իրավունքներից: Դեսպանը նշել է, որ ինքն էլ կիսով չափ ռուս է և երբևէ իր նկատմամբ ճնշումներ չի զգացել. «Ուկրաինայում ապրող մոտ 20 ազգային փոքրամասնությունների, այդ թվում և 400 հազարի հասնող հայկական համայնքի իրավունքները չեն ոտնահարվում»: