«Փարաջանով» ֆիլմի սցենարի հեղինակ, պրոդյուսեր և համառեժիսոր Ելենա Ֆետիսովան հրաժարվում է ֆիլմին շնորհված Հայաստանի Հանրապետության պետական մրցանակից՝ երկրի քաղաքական դիրքորոշման պատճառով։
Comments.ua կայքի փոխանցմամբ՝ Ֆետիսովան հայտարարել է, որ չի մասնակցելու մրցանակաբաշխությանը, իսկ իրեն հասանելիք դրամական պարգևը խնդրել է տրամադրել հայ որբերի կարիքներին։
Ֆետիսովայի խոսքով՝ բոյկոտի պատճառն այն է, որ Հայաստանը ճանաչել է Ղրիմի հանրաքվեն՝ այն անվանելով ազատ կամարտահայտման միջոցով ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակ․ «Ես, սակայն, որպես Ուկրաինայի քաղաքացի, կարծում եմ, որ այն խախտել է միջազգային նորմերն ու Եվրոպական արժեքները, ու սպառնում է խաղաղությանն աշխարհում, ինչպես նաև Ուկրաինայի քաղաքացիների ու ամբողջ մարդկության հանգստությանը։ Այդ պատճառով, ես պաշտոնապես հայտարարում եմ, որ ինձ համար անհնար եմ համարում մասնակցել Երևանում մարտի 21-ին կայանալիք մրցանակաբաշխությանը, իսկ պարգևի ինձ հասանելիք մասը խնդրում եմ տրամադրել հայ որբերի կարիքներին»,- նշված է Ֆետիսովայի՝ Սերժ Սարգսյանին ուղղված բաց նամակում։
«Վստահ եմ, որ Սերգեյ Փարաջանովն էլ նույն կերպ կվարվեր»,- ընդգծել է նա։