Էջմիածնի բնակիչ Աշոտ Խուդոյանը, ով մարտի 17-ից կնոջ և չորս մանկահասակ երեխաների հետ հերթական անժամկետ նստացույց է հայտարարել նախագահական նստավայրի դիմացի մայթին, այսօր քննիչի կայացրած որոշումը բողոքարկելու պահանջով դիմել է ՀՀ գլխավոր դատախազին։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում պատմել է Խուդոյանի կինը՝ Հեղինե Մակարյանը։ Հիշեցնենք, որ մարտի 15-ին Աշոտ Խուդոյանը նամակ էր ստացել, որով տեղեկացվել էր, թե քրեական գործ հարուցելը մերժվել է։
Խուդոյանը պնդում է, որ քույրը՝ Մարիետա Քալաշյանը, կեղծել է պապական կտակը և այժմ իրենից տուն է պահանջում։ Իր հերթին, Խուդոյանը պահանջում է քրեական գործ հարուցել ու պարզել՝ արդյոք կեղծիքն առկա է։
«Սպասում ենք մինչև քրեական գործի որոշումը կվերացնեն կամ չեն վերացնի, իրենք են որոշելու, դրանից հետո, եթե արդյունքները չտեսանք, երկուշաբթի օրվանից նստացույցը տեղափոխելու ենք գլխավոր դատախազության մոտ։ Գլխաոր դատախազությունը 7-օրյա ժամկետում պատասխանելու է՝ ընդունում է մեր բողոքարկումը, թե մերժում », – ասել է Մակարյանը։
Աշոտ Խուդոյանն էլ նշել է, որ, բացի դատախազության մոտ տեղափոխվելուց, դիմելու է նաև հացադուլի։
Ամուսինները նշել են, որ վաղը շատ անսովոր պայմաններում նշելու են իրենց չորրորդ երեխայի՝ որդու 1-ամյակը։
«Թող նախագահը տեսնի, թե իրենց պաշտոնյաները ինչի կարող են հասցնել մարդկանց, որ փողոցում՝ նախագահականի դիմաց, նշելու ենք ապագա զինվորի տարեդարձը», – եզրափակել է Մակարյանը։