Կրթությունը պետք է զերծ լինի կուսակցականացումից, մինչդեռ Հայաստանում թե հանրակրթական ոլորտում, թե բուհերում մարդկանց ստիպում են ՀՀԿ անդամ դառնալ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրինագծի քննարկման ժամանակ հայտարարել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։
Նա քննադատության է ենթարկել նախագիծը ներկայացնող Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հայտարարությունը, թե կառավարությունը շարունակելու է փակել մասնավոր բուհերը՝ նշելով, որ նախարարությունը ցանկանում է լիովին վերահսկել դաշտը։
«Օրենքի նախագծով դուք ուզում եք, որ մասնավոր բուհերն ամբողջությամբ մտնեն ձեր ազդեցության տակ, ինչն ազատ շուկայական հարաբերությունների սկզբունքի խստագույնս ոտնահարում է։ Ձեր ի՞նչ գործն է, որ մասնավոր բուհի համար, որը կրթական բիզնես է իրականացնում, իր համար սահմանում եք [ընդունելության] վերին շեմ, ներքին շեմ, կենտրոնացված ընդունելության համակարգ։ Թող մասնավոր բուհն ինքը որոշի՝ մարդը հարցազրույցով է ընդունվում, ձեր տված ատեստատով է ընդունվում։ Ինքն է իր պատասխանատուն, և քաղաքացին ինքն է որոշում` գնալ այդ բուհ, թե ոչ։ Եվ դուք այստեղ կոպիտ, սխալ հայտարարություն արեցիք՝ ասելով, որ փակվելու են մասնավոր բուհերը։ Դուք ծնողներին արդեն ասում եք՝ չուղարկեք մասնավոր բուհ ուսանողներ, որովհետև նրանք, հավանաբար, փակվելու են։ Դուք ազատ մրցակցության կողմնակից պարտավոր եք լինել, դա մեր պետության ուղենիշն է։ Իրավունք չունեք մասնավոր բուհերին էդպիսի հարվածների տակ դնել», – ասել է Մանուկյանը։
Պատգամավորի խոսքով՝ ամենամեծ վնասը, որ կառավարությունը հասցնում է համակարգին, անում է՝ այն քաղաքականացնելով։ Մանուկյանը նշել է, որ Խորհրդային Միության ժամանակ և մինչև վերջին տարիները ոչ մի կուսակցություն այդքան մեծ ներկայացուցչություն բուհերում չի ունեցել։
«Բոլոր ուսխորհուրդները հանրապետական են, 1400 դպրոցների տնօրեններից 1100-ը հանրապետական են։ Դուք հրահանգել եք բուհերին իրենց եկամուտների 2 տոկոսը փոխանցել Երիտասարդական հիմնադրամին, և հիմնադրամը այդ գումարները, որոնք լուրջ գումարներ են, տնօրինում է կուսակցական խնդիրներ լուծելով։ Վերջերս 700 մարդու, թիվը ստույգ չէ, կրթաթոշակ են նշանակել։ Մոտեցումն այսպես է․ կամ ասել են՝ հանրապետական եք, կրթաթոշակ կստանաք, իսկ եթե հանրապետական չեք, մտեք ՀՀԿ, կրթաթոշակ կստանաք։ Դուք պետական միջոցները, վճարովի կրթական համակարգի գումարները ուղղում եք կուսակցական համակարգ։ 90 տոկոսանոց հանրապետական կուսակցականացված համակարգ ունենք։ Սա անթույլատրելի է։ Սա հանցագործություն է», – ասել է Մանուկյանը։
Նա նշել է, որ հանրակրթությունը վաղուց արդեն կուսակցականացվել է, ինչն անընդունելի է, իսկ բուհում ցանկացած ռեկտոր և ուսանող կարող է լինել կուսակցական, բայց անել այնպես, որպեսզի մարդիկ ստիպված լինեն անիծելով ՀՀԿ մտնել՝ ելնելով սոցիալական ծանր վիճակից, անթույլատրելի է։