Այսօր Ազգային ժողով ներխուժած և ինքնասպանության փորձ կատարած Աշոտ անունով տղամարդը հայտարարել է, որ իրավունք ունի իր արյան գնով երեխաների համար գումար վաստակել: Այս մասին հայտնում է News.am-ը։
Նա պահանջել է հանդիպում երկրի նախագահի հետ և բողոքել, թե. «Հազար անգամ դիմում եմ գրել, հացի փող եմ պահանջել, բայց ոչ ոք չի արձագանքում իմ դիմումին: Էդ դեպքում ինձ կդանակահարեմ»:
Տղամարդն ասել է, որ ֆինանսական անելանելի վիճակում գտնվելու պատճառով է որոշել ինքնասպան լինել խորհրդարանի անցագրային կետում, որպեսզի բարձրաստիճան պաշտոնյաներն իր ընտանիքին, մանկատանը գտնվող իր երկու երեխաներին աջակցություն ցուցաբերեն: Աշոտի խոսքով՝ ապրուստի միակ միջոցը փոքրիկ սրբապատկերներ վաճառելն է. «Եթե ինձ այստեղ չօգնեին, գումար չտային, ես ինքնասպան կլինեի»:
Հարցին, թե ով է իրեն գումար տվել, Աշոտն ասել է, որ չգիտի՝ անվտանգության աշխատակիցներ են եղել, թե պաշտոնյաներ:
«Շան տղա կլինեի, եթե չգնայի, ինձ մոստից չգցեի»,- ասել է նա:
Ազգային ժողովից դուրս գալիս տղամարդը փորձում էր տաքսի կանգնեցնել, սակայն դա նրան չի հաջողվել և նա քայլել է Օպերայի ուղղությամբ:
Լուսանկարը՝ News.am-ի