հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Առանց սեփականատիրոջ փոփոխության վաճառված մեքենաների ապահովագրման որոշումը կասեցվել է մինչև տարեվերջ

Առանց սեփականատիրոջ փոփոխության վաճառված մեքենաների ապահովագրման որոշումը կասեցվել է մինչև տարեվերջ

Մինչև տարեվերջ կասեցվել է տարիներ առաջ առանց սեփականատիրոջ փոփոխության վաճառված և այժմ հաշվառման մեջ գտնվող մեքենաների պարտադիր ապահովագրման որոշումը: Այս մասին ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում այսօր կայացած ասուլիսին հայտնել է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Նախարարը տեղեկացրել է, որ որոշումն առնչվում է այն տրանսպորտային միջոցներին, որոնք վաճառվել են առանց սեփականատիրոջ փոփոխության գրանցման ընթացակարգերի և որոնց սեփականատերերն այժմ ստանում են ապահովագրության տուգանքների մասին ծանուցումներ:

«Տարիներ առաջ մարդիկ իրենց մեքենաները վաճառել են և իրավական ամբողջ գործընթացը չեն իրականացրել: Օրենքի ընդունումից հետո հարյուրավոր մարդիկ վարչական պատասխանատվության սկսեցին ենթարկվել»,- նշել է նա:

Հրայր Թովմասյանի խոսքով՝ Ոստիկանությունն ու Արդարադատության նախարարությունը կօգնեն քաղաքացիներին փնտրել ու գտնել այդ վաճառված մեքենաները, ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: Խնդիրն ամբողջությամբ կկարգավորվի մինչ տարեվերջ:

Անդրադառնալով արագաչափերի տուգանքների իրավաչափությունն ուսումնասիրող աշխատանքային խումբ ստեղծելու ՀՀ վարչապետի հանձնարարականին, Թովմասյանը նշել է, որ հարկ է հասկանալ, թե որքանով են ՀՀ-ում նախատեսված տուգանքները համաչափ: Այսինքն՝ որքանով են տուգանքները պիտանի հետապնդվող նպատակին հասնելու համար: