Կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի դեմ պայքարող «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը մարտի 28-ին Սահմանադրական դատարանի դիմաց կազմակերպում է խորհրդանշական և լուռ ակցիա: Այս մասին ասված է նախաձեռնության պաշտոնական կայքում։
«Հավաքվում ենք մարտի 28-ին՝ ժամը 12:30, Սահմանադրական դատարանի դիմաց: Իրականցնելու ենք գեղեցիկ ու խորհրդանշական ակցիա՝ առանց կոչերի, առանց ելույթների:
Այդ օրն սկսվում է դատաքննությունը, ուստի մենք չպետք է որևէ կերպ խանգարենք Բարձր դատարանի բնականոն աշխատանքը, ուստի և ելույթների, կոչերի փոխարեն կարող են լինել, օրինակ, ավելի քան խոսուն պաստառներ:
Յուրահատուկ ու խորհրդանշական ձևով կփոխանցենք անաչառության մեր կոչը Սահմանադրական դատարանին, այնուհետ, չցանկանալով որևէ կերպ խանգարել Բարձր դատարանի բնականոն աշխատանքը, կավարտենք այդ օրվա մեր ակցիան և կակնկալենք Դատարանի անկողմնակալ որոշում:
Մարտի 28-ը հետաքրքրության առարկա է տարբեր ուժերի և հանրության տարբեր մասերի համար, ուստի, ինչպես տեսնում ենք, տարբեր ուժեր ունեն տարբեր միջոցառումներ մարտի 28-ին: Պարզաբանենք, որ « Դ!ԵՄ ԵՄ » նախաձեռնությունն ունի իր միջոցառումը ժամը 12:30-ին ՍԴ-ի դիմաց և որևէ այլ միջոցառման, որպես նախաձեռնություն, այդ օրը չի մասնակցելու:
Մենք խնդրում ենք բոլոր ուժերին, ովքեր նախատեսել են հանրային միջոցառումներ մարտի 28-ին, հնարավորինս զերծ մնալ ՍԴ-ի բնականոն աշխատանքը այս կամ այն կերպ խանգարող, աղմկոտ գործողություններից, որպեսզի չստացվի այնպես, որ ՍԴ-ն հետաձգի իր նիստը, և կրկին հանրությունը լինի սպասողական վիճակում», – ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ վաղը ՀՀ Սահմանադրական դատարանը քննելու է Կուտակային կենսաթոշակային պարտադիր համակարգի անցնելու հարցը։